Այս կամ այն բաժնետոմսերի տերերի մասին տեղեկությունները հասանելի կդարձնեն իրավապահ մարմինների եւ Հայաստանի Տնտեսականմրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի համար: Այս մասին ապրիլի 14-ին ԱԺ-ում «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ ասաց արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը:

Նշենք, որ Հայաստանում սահմանափակ պատասխանատվությամբ տարբեր կազմակերպությունների բաժնետոմսերի տերերի մասին տեղեկությունները հանրության համար բաց եւ հասանելի են: Ցանակացած մարդ, այդ թվում եւ էլեկտրոնային հարցման միջոցով, կարող է ստանալ հետաքրքրող ամբողջ տեղեկատվությունը: Սակայն, ինչպես նշեց փոխնախարարը, բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերի տերերի մասին տեղեկությունները հանրության եւ իրավապահների համար դեռեւս փակ են:

Նրա խոսքով՝ այդ տեղեկություններն անհրաժեշտ են Պետեկամուտների կոմիտեին, իրավապահ մարմիններին (Ոստիկանություն, Քննչական կոմիտե, Ազգային անվտանգության ծառայություն, Գլխավոր դատախազություն) եւ ՏՆտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին՝ միայն այն բանի համար, որ լիարժեք լուծեն իրենց առջեւ դրված խնդիրները: