Նիդերլանդներում մայիսի 6-15-ին Filmhuis Den Haag-ը «The Best of Golden Apricot International Film Festival» խորագրի ներքո կներկայացնի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի 2008-2010 ֆիլմերի ընտրանին:

Ֆիլմերի ցուցադրություններին հաջորդող քննարկումներին ու զուգահեռ նախատեսվող միջոցառումներին ներկա կլինեն հայ եւ արտասահմանցի բազմաթիվ ռեժիսորներ, պրոդյուսերներ եւ տարբեր փառատոնների ներկայացուցիչներ: Կցուցադրվեն Հարություն Խաչատրյանի «Սահման», Արման Երիցյանի եւ Իննա Սահակյանի «Հայաստանի վերջին լարախաղացը», Սուրեն Բաբայանի «Մի նայիր հայելուն», Դիանա Կարդումյանի «Աշնան արեւ» ֆիլմերը: Ինչպես նաեւ վերջին երկու տարիներին «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մասնակից Սիդդիք Բարմաքի «Ափիոնի պատերազմ», Գեորգ Օվաշվիլիի «Մյուս ափին», Անդրեյ Խրժանովսկու «Մեկ եւ կես սենյակ, կամ սենտիմենտալ ճանապարհորդություն հայրենիք», Լեւան Կոգուաշվիլիի «Փողոցային օրեր», Ռեհա Էրդեմի «Կոսմոս», Սերգեյ Լոզնիցայի «Իմ ուրախություն» ֆիլմերը:

Մայիսի 8-ին նախատեսվում է քննարկում «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագրի շրջանակներում, որին ներգրավված կլինեն փառատոնի բոլոր հյուրերը: Նախատեսվում է  քննարկում տարածաշրջանում համագործակցության, Հայաստանում կինոյի վիճակի մասին:

Նույն ժամանակահատվածում այնտեղ տեղի կունենա նաեւ լուսանկարիչ Զավեն Խաչիկյանի «Ուրախ օր…» խորագրով ցուցահանդեսը: Այն ներկայացնում է զարգացող հասարակության եւ՛ տառապանքը, եւ՛ ուրախությունը:

Հայաստանից ցուցադրություններին ներկա կլինեն «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը, գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը, կինոռեժիսորներ Սուրեն Բաբայանն ու Արման Երիցյանը: