Քաղաքապետարանն այսօր հայտարարություն տարածեց, որ քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչության կողմից ստուգումներ են իրականացվել «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն»  ՀՈԱԿ-ում, որի արդյունքում ի հայտ են եկել բազմաթիվ խախտումներ և առերևույթ չարաշահումներ, նշելով չորս զավեշտալի կետեր. Ուզում եմ յուրաքանչյուրի վերաբերյալ շատ համառոտ մի քանի բան տեղեկացնել բոլորին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն»  ՀՈԱԿ-ի նախկին փոխտնօրեն Հարություն Առաքելյանը:

NEWS.am-ի հետ զրույցում Առաքելյանն ասաց, որ ինքն աշխատանքից դուրս է եկել փետրվարի 6-ին, իր դիմումի համաձայն.

«Պատճառը ստեղծված անառողջ մթնոլորտն է եղել, որի պայմաններում իմ աշխատելը ճիշտ ու արդյունավետ չեմ համարել»։

Նա ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես նշել է.

«Երևանի քաղաքապետարանի հերթական անլուրջ գործողությունների մասին:

Ապրանքանյութական արժեքների, դեղորայքի և բժշկական պարագաների մուտքագրումը, հաշվառումը և օգտագործումը չեն իրականացվել սահմանված կարգով:

Հիշեցնեմ, որ նշված ՀՈԱԿ-ը ստեղծվել և գործել է գրեթե դաշտային պայմաններում՝ առաջին ամիսներին անգամ ադմինիստրատիվ մասը: ՀՈԱԿ-ը սկսել է վիրհատություններ անել, երբ չկար դեռ գնված դեղորայք (օգտագործվում էր մեր անձնական միջոցներով ձեռք բերված դեղորայքն ու պարագաները): Ապրանքաշրջանառության իրականացումը սկսվել է ավելի ուշ, երբ աշխատանքները հունի մեջ էին արդեն:

Խոսքը այն դեղորայքի մասին է, որով մինչ օրս նշված ՀՈԱԿ-ը աշխատում է ու դեռ կաշխատի քանի որ մեծ քանակությամբ դեղորայքի և բժշկական պարագաների ավելցուկ ենք թողել մեր գնալուց հետո:

- Խնդիր կա՞

Խախտվել են հոգեմետ նյութերի դուրս գրման, տեղափոխման, հանձնման, օգտագործման, հաշվառման կանոնները:

Հոգեմետ դեղորայքի վերահսկողությունը իրականացվում է ՀՀ Ոստիկանության 6-րդ վարչության համապատասխան բաժնի կողմից և ներկայացված հաշվետվությունների վերաբերյալ որևէ խնդիր չի արձանագրվել երբևէ: (հավանաբար գրանցամատյանները պետք է մետաղյա լինեին):

Առանձին ֆիզիկական անձանցից և հասարակական կազմակերպություններից օգնության կարգով ՀՈԱԿ-ը ստացել է տարբեր տիպի ապրանքներ (դեղորայք, կենդանիների կեր, հիմնական միջոցներ և այլն), որոնք պատըշաճ կերպով չեն ձևակերպվել և արտացոլվել հաշվետվություններում:

ՀՈԱԿ-ը օգնություն ստացել է նաև մեր կողմից, բայց ինքնագովազդով չենք զբաղվել: Այլ մարդկանցից կամ ՀԿ-ներից ստացված նվիրատվությունները եղել են՝ մի քանի վանդակի և մեկ պարկ շան կերի տեսքով, որոնք օգտագործվել և օգտագործվում են մինչ օրս:

Շնորհակալ ենք բոլորից:

Նվիրատվությունները թաքցնելը երևի սովորել ենք հենց քաղաքապետարանից...))), բայց դե մերը սկի համեմատելու էլ չի:

- Խնդիր կա՞

Խախտվել է գնումների գործընթացը, մասնավորապես՝ տրանսպորտային միջոցների ձեռքբերման գործընթացը սահմանված կարգով նպատակային և արդյունավետ կազմակերպելու պահանջը և այլն:

Գնումները ողջ գործընթացը իրականացվել է համաձայն գնումների մասին օրենքի և հրապարակված է գնումների պաշտոնական կայքում:

Հաշվետվություններն էլ պարբերաբար ներկայացվել են քաղաքապետարանի ֆինանսական վարչությանը ու էլի խնդիր երբևէ չի արձանագրվել:

- Խնդիր կա՞

Ամփոփելով այս ամենը, ստիպված եմ փաստել, որ քաղաքապետարանը ի դեմս Երևանի քաղաքապետի, նման անլուրջ քայլով փորձում է շեղել հանրության ուշադրությունը իր անօրինական մրցույթներից, իր կողմից նշանակված կադրերի ոչ կոմպետենտությունից, դատարանի կողմից անօրինական ճանաչված որոշումներից և իհարկե իր թուլությունից:

Քաղաքապետը շատ լավ տեղյակ է եղել նշված ՀՈԱԿ-ի աշխատանքներից և ոչ միայն քաղաքապետը ....)))

Իսկ ՀՈԱԿ-ի աշխատանքների գնահատականները լսել եք բազմիցս հենց քաղաքապետից, իհարկե մինչ այն պահը, երբ համարձակվեցինք ինչ-ինչ հարցերում չհամաձայնել քաղաքապետի և իր մտերիմների հետ:

Այս զավեշտալի գործի մանրամասներին դեռ ծանոթ չեմ, սա նախնական համառոտ տեղեկատվություն բոլորիդ՝ խնայելով քաղաքապետարանի նյարդերը:

#էժան_եք_տղերք_շաատ_էժան

#ամեն_ինչ_լավ_է_լինելու__»:

Հիեցնենք, որ այսօր Երեւանի քաղաքապտի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչության կողմից ստուգումներ են իրականացվել «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն»  ՀՈԱԿ-ում, որի արդյունքում ի հայտ են եկել բազմաթիվ խախտումներ և առերևույթ չարաշահումներ: Հարուցվել է քրգործ: