Այս պահին Երեւանի Բաղրամյան պողոտայում` Սահմանադրական դատարանի դիմաց Երեւանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցներն ու ոստիկանության պարեկա-պահակային ծառայության աշխատակիցները կանգնեցրել են «Բենթլի» մակնիշի 001 ՈՈ 55 համարանիշի եւ «Լեքսուս» մակնիշի 005 ՈՈ 55 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն 30 րոպեից ավելի է, որ ոստիկանության եւ նշված մեքենաների վարորդների հետ բանակցություններ են ընթանում, որպեսզի նշված ավտոմքենաները չտեղափոխվեն տուգանային հրապարակ:

Այնուամենայնիվ, Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները երկու մեքենաները տեղափոխեցին ՃՈ տուգանային հրապարակ:

Երկու մեքենաների դիմապակու վրայից էլ բացակայում են տեխզննման եւ ԱՊՊԱ-ի կտրոնները: Հավանաբար, տեղի ունեցածը տեղավորվում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարության տրամաբանության մեջ, ըստ որի, խորթ է, երբ քաղաքում մարդիկ շրջում են թիկնապահներով ու ուղեկցող մեքենաներով:

Ականատեսները հայտնել են, որ «Բեթլին» պատկանում է Կոտայքի մարզի Բյուրեղավանում գործող շշերի գործարանի Արամ անունով տիրոջը: Նա այդ պահին եղել է մեքենայի մեջ, սակայն այդպես էլ չի իջել մեքենայից:

Լուսանկարները եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի