Պանդեմիայի կապակցությամբ Հայաստանի բանկային համակարգը բախվել է միաժամանակ մի քանի խնդրի հետ, որոնք անհրաժեշտ էր օպերատիվ կերպով լուծել: Այդ մասին այսօր՝ մայիսի 1-ին, INSTALIVE-ի եթերում հայտարարել է Ամերիաբանկի բիզնեսի հետազոտություններ եւ ռազմավարության կենտրոնի ղեկավար Հովհաննես Թորոյանը:
Նրա խոսքով՝ համակարգի առաջնահերթ խնդիրներից է դարձել աշխատակիցների եւ հաճախորդների առողջության ապահովումը: Թորոյանը պարզաբանել է, որ բանկերը մարդաշատ են, ինչը նշանակում է, որ կարող էին դառնալ վիրուսի տարածման օջախ:
«Բարեբախտաբար մեր բանկային համակարգին ընդհանուր առմամբ, եւ Ամերիաբանկին մասնավորապես, հաջողվել է խուսափել դրանից»,-նշել է նա:
Թորոյանը հայտարարել է, որ երբ հայտնի էր դարձել վարակման առաջին հաստատված դեպքի մասին, բանկը սահմանել էր աշխատանքի արտակարգ ռեժիմ: Բանկի բազմաթիվ աշխատակիցներ սկսել էին աշխատել հեռավար ռեժիմում, միայն 1/3 մասն էր շարունակել աշխատանքը գրասենյակային պայմաններում: Բացի այդ, ձեւավորվել էր աշխատակիցների պահուստային խումբ, որոնք աշխատում էին անմիջապես հաճախորդների հետ:
«Դա արվել էր, որպեսզի աշխատակիցներից մեկի վարակվելու դեպքում հնարավորություն լիներ օպերատիվ կերպով փոխարինել ամբողջ խմբին»,-հայտարարել է Թորոյանը:
Դեռ ավելին, շարունակել է նա, բանկերը պետքէ լուծեին իրենց որոշ հաճախորդների ֆինանսների պակասի խնդիրները, որոնք առաջացել էին ապրանքների իրացվելիության անկման եւ գործությունեության որոշ տեսակների արգելքի հետեւանքով:
Այդ տեսանկյունից Ամերիաբանկը ձեռնարկել էր մի շարք քայլեր, որոնք ուղղված էին իրավիճակը մեղմելուն: Մասնավորապես, բանկի հաճախորդներին առաջարկել էին աջակցության որոշակի ծրագրեր՝ կոչված բարդ իրավիճակը մեղմելուն, որի հետ բախվել էր բիզնեսը: Կարեւորն այն է, շարունակել է Թորոյանը, որ բանկային համակարգը եւ դրամավարկային կարգավորող մարմինը շատ արագ էին արձագանքել իրավիճակին՝ ձեռնարկելով քայլեր կորոնավիրուսի տարածման սկզբնական փուլում:
«Բնականաբար, բոլոր խնդիրներն անհնար էր լուծել, քանի որ վարակի տարածումը դեռեւս շարունակվում է, իսկ պանդեմիայով հրահրված ճգնաժամը, ըստ ամենայնի, դեռեւս երկար կշարունակվի: Այդուհանդերձ, որոշ չափով հաջողվել էր մեղմել ազդեցությունն առնվազն սկզբնական փուլում»,-հայտարարել է նա: Թորոյանը նշել է, որ կորոնավիրուսի պանդեմիան ձեւափոխել է ձեռնարկատիրական գործունեությունը՝ տեղափոխելով այն դեպի համացանց: Նա խոստովանել է, որ Ամերիաբանկն արդեն վաղուց քայլեր էր ձեռնարկում առցանց ծառայություններ մատուցելու ուղղությամբ, արդեն անցած տարի բանկի գործողությունների 82 տոկոսն արվում էր բանկի մասնաճյուղերից դուրս: Իսկ ներկայումս մնացած 18 տոկոսը, որոնք կատարվում էին բանկի մասնաճյուղերում, էլ ավելի է կրճատվել:
«Տեխնոլոգիաների եւ հեռավար գործունեության զարգացումը զգալի չափով տնտեսում է ժամանակը: Այժմ ստիպված անցնելով առցանց սպասարկման, ե՛ւ մենք, ե՛ւ մեր հաճախորդները, մասնավորապես ավագ սերնդի ներկայացուցիչները, ձեռք են բերում նոր հմտություններ, որոնք կկիրառվեն հետկորոնավիրուսային շրջանում»,-հայտարարել է նա՝ կանխատեսելով զգալի փոփոխություններ ճգնաժամը հաղթահարելուց հետո:




























