Ամերիաբանկը ակտիվորեն մասնակցում է Հայաստանի կառավարության նախաձեռնած աջակցության ծրագրերում: Այդ մասին այսօր՝ մայիսի 1-ին, INSTALIVE-ի եթերում հայտարարել է Ամերիաբանկի բիզնեսի հետազոտություններ եւ ռազմավարության կենտրոնի ղեկավար Հովհաննես Թորոյանը:
Նրա խոսքով՝ բանկը մասնակցում է իրավաբանական անձանց աջակցության 4, եւ ֆիզիկական անձանց աջակցության 3 ծրագրերում: Թորոյանը հիշեցրել է, որ ոչ բոլոր ծրագրերն են իրականացվում բանկի միջոցով, որոշ դեպքերում շահառումները ստանում են աջակցություն անմիջապես պետությունից:
Բացի կառավարության միջոցառումներում մասնակցությունը, նա նշել է, որ բանկը նաեւ քայլեր է ձեռնարկել իրավիճակը մեղմելու ուղղությամբ: Մասնավորապես, մարտի 13-ին բանկի հաճախորդ ֆիզիկական անձանց տրամադրվել է վարկային արձակուրդի հնարավորություն: Այդ մեխանիզմը չի նախատեսում մարվող վարկի չափի ավելացում: Մասնակիորեն նաեւ մարումներից ազատված են որոշ իրավաբանական անձ հանդիսացող վարկառուներ, որոնք հայտնվել են բիզնեսի արգելված ոլորտների ցանկում:
Բացի այդ, բանկը տրամադրում է հնարավորություն առցանց հաշիվ բացելու եւ վարկի դիմում ներկայացնելու: Ինչպես նաեւ սահմանվել են սակագնային որոշակի փոփոխություններ առցանց ծառայությունների օգտագործումը խրախուսելու համար:
Թորոյանը տեղեկացրել է, որ Ամերիաբանկը միշտ նորարարական մոտեցումներ եւ նորագույն տեխնոլոգիաներ կիրառելու կողմնակից էր: «Ակնհայտ է, որ մենք արդեն առաջիկայում կկարողանանք ներկայացնել մեր հաճախորդներին նոր թվային ծառայություններ, որոնք նախկինում չեն եղել: Նաեւ մտադիր ենք որոշ չափով պարզեցնել գործող թվային ծառայությունները հաճախորդներին ավելի հասանելի դարձնելու համար»,-հավաստիացրել է նա:




























