Պանդեմիայով հրահրված ճգնաժամը չի հանգեցնի Հայաստանի ֆինանսական համակարգի տապալմանը: Այդ մասին այսօր՝ մայիսի 1-ին, INSTALIVE-ի եթերում հայտարարել է Ամերիաբանկի բիզնեսի հետազոտություններ եւ ռազմավարության կենտրոնի ղեկավար Հովհաննես Թորոյանը՝ նշելով, որ դրական է տրամադրված:
Նրա խոսքով՝ ֆինանսական շուկայում ստեղծված իրավիճակում կշահեն այն բանկերն ու ֆինանսական միջոնդրները, որոնք ստեղծված պայմաններում կարողացել են տրամադրել առավել ընդունելի եւ հարմար ծառայություններ:
Ինչպես այլ ոլորտներում, այնպես էլ բանկային համակարգում բազմաթիվ ծառայություններ ներկայում պահանջված չեն, հնարավոր է դրանց պահանջարկը չվերականգնվի նաեւ պանդեմիայից հետո: Սակայն միաժամանակ ձեւավորվում են նոր ծառայություններ, նոր շուկաներ եւ հնարավորություններ:
«Բոլոր նրանք, ովքեր կկարողանան արդյունավետ եւ օպերատիվ կերպով արձագանքել նոր պահանջմունքներին, որոշ չափով կանխատեսել դրանց դրսեւրումները, կհայտնվեն շահեկան դիրքում»,-հայտարարել է Թորոյանը:
Ստեղծված պայմաններում կարեւոր է ակտիվորեն աշխատել նորարարություններ ներմուծելու ուղղությամբ:
«Եթե նախքան պանդեմիան մենք դիտարկում էինք նոր տեխնորոգիաների ներդրումը որոշակի թրենդի շրջանակում, ապա պանդեմիան առաջացրել է այդ գործընթացներն արագացնելու անհրաժեշտություն»:
Նա ընդգծել է, որ բանկային համակարգի դեպքում խոսքը վերաբերում է ոչ միայն նորամուծություններին, որոնք կանդրադառնան ուղղակիորեն հաճախորդների ծառայություններին, բայց նաեւ բեք-օֆիսների ավտոմատացմանն ու օպտիմիզացիային:




























