Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը կարծում է, որ Չինաստանը պետք է պատասխանի կորոնավիրուսի համավարակի հետ կապված մի շարք հարցերի, այժմ առաջնահերթ խնդիրը համավարակի դեմ պայքարն է։
«Սակայն ես կարծում եմ, որ դրա ժամանակը կգա այն բանից հետո, երբ մենք վերահսկողության տակ առնենք իրավիճակը, եւ մեր տնտեսությունը վերադառնա նորմալ կյանքի»,- LBC Radio-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուոլեսը։ «Միայն բաց լինելու եւ թափանցիկության շնորհիվ մենք կիմանանք այդ վիրուսի մասին, եւ Չինաստանին պետք է բաց եւ թափանցիկ լինել այն իմաստով, որ գիտի եւ իր բացթողումները, եւ իր հաջողությունները»,- ասել է նախարարը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավելի ու ավելի հաճախ է Չինաստանին մեղադրում կորոնավիրուսի տարածման մեջ։ Նախօրեին Թրամփը հայտարարել էր, որ համավարակի պատճառը Չինաստանի սխալն է, թեեւ որեւէ ապացույց չէր ներկայացրել։ «Ես կարծում եմ, որ նրանք սարսափելի սխալ են թույլ տվել եւ չեն ուզեցել դա խոստովանել»,- ասել է Թրամփը։
Բացի այդ պետքարտուղար Մայք Պոմպեոն կիրակի օրը հայտարարել էր, թե ապացույցներ կան, որ վիրուսը չինական լաբորատորիայում է հայտնվել։
Չինաստանը կտրականապես հերքել է այն պնդումները, թե վիրուսը տարածվել է Ուհանի հետազոտական կենտրոնից։
Ավստրալիական ԶԼՄ-ները հաղորդել են, որ ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող հետախուզական Five Eyes դաշինքը, որի մեջ ներգրավված են ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի հետախուզական ծառայությունները, հայտարարել է, թե Չինաստանը կանխամտածված է ճնշել կամ ոչնչացրել կորոնավիրուսի առաջացման ապացույցները։
Պատասխանելով զեկույցի արժանահավատության մասին հարցին՝ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը ասել է, որ չի մեկնաբանի որոշակի զեկույցը։




























