Գերմանիայի կառավարությունն առաջվա պես դրական է գնահատում «Հյուսիսային հոսք 2» նախագիծը, մտադիր է քաղաքական աջակցություն ցուցաբերել գազատարի վրա աշխատող ընկերություններին, ի պատասխան պատգամավորական հարցման, ասվում է ԳԴՀ նախարարների կաբինետի պատասխանում, հաղորդում է ՊՐԱՅՄ-ը։  

«Դաշնային կառավարությունը տեղյակ չէ, թե տեխնիկական տեսանկյունից նախագիծն ինչպես պետք է իրագործվի, նա ելնում է այն դրույթից, որ «Հյուսիսային հոսք 2» նախագիծն իր ավարտին կհասնի։ Կառավարությունն այսուհետ նույնպես քաղաքականապես կաջակցի նախագծում ներգրավված ընկերություններին»,- ասվում է Բունդեսթագի հրապարակած փաստաթղթում։ 

Իր պատասխանում կառավարությունը նաեւ նշում է, որ «առաջվա պես դրական է գնահատում նախագիծը» եւ այն դիտարկում է, առաջին հերթին, որպես տնտեսական նախագիծ։

Դրանից բացի, Բեռլինն, ի պատասխան ԱՄՆ կողմից «Հյուսիսային հոսք 2»-ի դեմ պատժմիջոցների, չի պլանավորում պատասխան պատժամիջոցներ մտցնել։

«Կառավարությունը չի նախաձեռնի պատասխան քայլերի, դիվանագիտական պատժամիջոցների, «Հյուսիսային հոսք 2»-ի դեմ պատժամիջոցների պատասխանատուների մուտքի արգելքի քննարկումներ։ Կառավարությունն այն կարծիքին է, որ նման քայլերն անօգուտ են։ Դրա հետ մեկտեղ, կառավարությունն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ պատժամիջոցների դեմ հակաքայլեր կարող են մտցվել միայն Եվրոպական միության հետ համաձայնեցված կարգով»,- ասվում է փաստաթղթում։

«Հյուսիսային հոսք 2»-ով նախատեսվում է Ռուսաստանի ափից Բալթիկ ծովի միջով դեպի Գերմանիա երկու գազատարերի կառուցում՝ տարեկան 55 միլիարդ խորանարդ մետր գազ տեղափոխելու կարողությամբ։

Նախագծի դեմ ակտիվորեն հանդես է գալիս իր հեղուկ բնական գազը ԵՄ-ին առաջարկող ԱՄՆ-ը, ինչպես նաեւ Ուկրաինան եւ մի շարք եվրոպական երկրներ։ Միացյալ Նահանգները դեկտեմբերին պատժամիջոցներ մտցրեց նախագծի դեմ՝ գազատարի կառուցմամբ զբաղվող ընկերություններին պարտադրելով անմիջապես դադարեցնել շինարարությունը։ Շվեյցարական Allseas-ը գործնականում անմիջապես հայտարարեց, որ դադարեցնում է գազատարի շինարարությունը։