Թուրքիան կսկսի մեղմացնել սահմանափակման միջոցառումները, որոնք մտցվել են կորոնավիրուսի համավարակի հետ կապված։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հայտնում է Reuters-ը։

Կչեղարկվեն միջազգային ուղեւորությունների սահմանափակումները յոթ նահանգներում, եւ կմեղմացվի պարետային ժամը՝ տարեցների ու երիտասարդների համար։

Թուրքիայում գրանցված է կորոնավիրուսով վարակման 130 000 հաստատված դեպք՝ ամենամեծ ցուցանիշը Արեւմտյան Եվրոպայի, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի սահմաններից դուրս։

Էրդողանը հայտարարել է, որ երկուշաբթի Թուրքիան կսկսի աստիճանաբար մեղմացնել միջոցառումները մայիսին, հունիսին եւ հուլիսին, քանի որ տարածման տեմպերը վերջին երկու շաբաթներին սկսել են դանդաղել։

Նրա խոսքերով՝ տարեց եւ երիտասարդ քաղաքացիներին, սկսած այս հանգստյան օրերից, կթույլատրվի շաբաթական մեկ անգամ 4 ժամով դուրս գալ փողոց, եւ ուղեւորությունների արգելքները կչեղարկվեն յոթ քաղաքների համար, բացառությամբ Ստամբուլի, Անկարայի եւ Իզմիրի։

Առեւտրի կենտրոնները, վարսավիրանոցները եւ որոշ խանութներ կարող են բացվել մայիսի 11-ից, եթե պահպանեն կանոնները։ Համալսարանները հունիսի 15-ից կվերադառնան իրենց ակադեմիական օրացույցին։ Ընդ որում, Էրդողանը նախազգուշացրել է, որ կառավարությունը ավելի խիստ միջոցառումներ կսահմանի, եթե իրավիճակի նորմալացման պլանը չպահպանվի։