Փետրվարի 21–ին ՊՈԱԿ–ը 3 կազմակերպության տվել է համապատասխան եզրակացություն, որ 3 կազմակերպություն իրենց ՀԴՄ մոդելներով կարող են մտնել շուկա։ Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե քանի՞ տնտեսվարող է այս օրերին դադրեցերլ իր գործունեությունը, քանի՞ աշխատող է կրճատվել եւ ահազանգեր կան որ նոր սերնդի ՀԴՄ սարքեր այս պահին չկան կամ բավականին բարձր գնով են վաճառվում, ՊԵԿ–ն ի՞նչ լուծում է առաջարկում այս խնդրի վերաբեյալ։
«Այդ կազմակերպություններից մեկն արդեն 529 հատ վաճառել է եւ այդ 529 ՀԴՄ սարքերը մինչ այսօր տպել են 158 հազար ՀԴՄ կտրոն։ Մյուս կազմակերպությունը վաճառել է 83 հատ, իսկ 3–րդ կազմակերպության վաճառքի վերաբերյալ տեղեկատվություն չկա, կարծում եմ կորոնավիրուսի պայմաններում՝ ապարատների ներմուծման հետ կապված գուցե խնդիր կա, բայց մենք ահազանգ չունենք, որ շուկայում ՀԴՄ մեքենա չկա։ Շուկան ազատականացված է եւ սա արդեն շուկայական հարաբերություններ են»,– ասաց Փաշայանը։
Նա կարճ անդրադարձավ նաեւ լրագրողի մյուս հարցին՝ կապված տնտեսվարողների գործունեության դադարեցման վիճակագրությանը. «Տնտեսվարողների գործունեության դադարեցնելը եւ վերսկսելը՝ դինամիկ գործընթաց է, կոնկրետ թվերով չեմ կարող նշել, աշխատողների աշխատանքից ազատվելը եւ ընդունվելը նույնպես»։





























