Հայաստանի իրավապահ մարմիններին արդեն փոխանցվել են «Այբ» դպրոցի գործով նյութերը։ Այս մասին ԱԺ նիստում մայիսի 6-ին հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

Ավելի վաղ նախարարն ինքը «Այբ» դպրոցին մեղադրել էր մի շարք օրենսդրական նորմերի խախտման մեջ։

«Ես նոր խորհրդական ունեմ, որը ուժային կառույցներում աշխատանքի մեծ փորձ ունի, եւ նման բարդ գործերը ես նրան եմ հանձնարարել հետաքննել։ Նա ինձ զեկուցել է, որ այնտեղ իսկապես կան մեծ խնդիրներ։ Այժմ նյութերը փոխանցվել են համապատասխան մարմիններին»,- պարզաբանեց Հարությունյանը։

Նա նշեց, որ գործը մի քիչ ձգձգվեց, քանի որ ինքն անձամբ չէր ուզում, որ նախարարությունում տարբեր գործընթացներ սկսվեին դրա պատճառով։

«Երբ ինձ զեկուցեցեին, որ խնդիրներն այնտեղ իսկապես լուրջ են, մենք նյութեր ուղարկեցինք իրավապահներին։ Հուսով եմ, որ պատասխանը շուտով կստացվի»,- ասաց նախարարը։