Ֆրանսիայի սահմանները ծայրահեղ դեպքում մինչեւ հունիսի 15-ը փակ կմնան։ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստաները հայտարարել է, որ մայիսի 11-ին կարանտինի մեղմացումից հետո երկրի սահմանները փակ կմնան մինչեւ հետագա ծանուցում, հայտնում է Reuters-ը։
Վարչապետ Էդուարդ Ֆիլիպը հայտարարել է, որ երկիրը երկուշաբթի օրվանից, մայիսի 11-ից, կսկսի աստիճանաբար վերացնել սահմանափակումները, սակայն որոշ սահմանափակումներ կպահպանվեն փարիզյան տարածաշրջանում, որտեղ նոր կորոնավիրուսը դեռեւս շրջանառվում է։
«Երկուշաբթի օրվանից մենք աստիճանաբար կհանենք կարանտինը, սակայն երկիրը բաժանվել է երկու մասի՝ վիրուսը որոշ շրջաններում, հատկապես Իլ դե Ֆրանս տարածաշրջանում ավելի արագ է տարածվում»,- ասել է նա։
Ֆրանսիայի այլ մասերում միջնակարգ դպրոցները, սրճարանները եւ ռեստորանները կարող են բացվել հունիսի սկզբից, եթե վարակման մակարդակը ցածր մնա։




























