Ըստ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի՝ պետական դավաճանություն է համարվում օտար պետությանն օգնելը, Հայաստանի հանդեպ թշնամական պետությանն օգնելը․ իմ տարածած հայտարարության մեջ ամեն ինչ ասել եմ՝ տալով իրավական գնահատական, ոչ թե քաղաքական։ Այս մասին Արմնյուզ ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը՝ անդրադառնալով այսօր իր տարածած հաղորդագրությանը, համաձայն որի՝ պահանջում է Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական հետապնդում սկսել՝ պետական դավաճանության մեղադրանքով։

«ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Ադրբեջանի դիրքորոշումը կառուցողական է։ Մարդկության պատմության մեջ այդպիսի բան չի եղել, երբ երկրի հանդեպ թշնական դիրքորոշում ունեցող պետության դիրքորոշոըմը համարվի կառուցողական։ Սա նաեւ լուրջ քաղաքական օգնություն է Ադրբեջանին, որը նա օգտագործելու է միջազգային հարթակում։ Ավելին ասեմ՝ միջազգային շատ կարեւոր հարթակներից մեկում, սկսվել է մի փաստաթղթի նախագծում, որտեղ հայտնվել է մի դրույթ, որը իրավունք է տալիս Ադրբեջանին բոլոր հնարավոր մեթոդներով վերականագնել իր տարածքային ամբողջականությունը»։

Ադրբեջանը, ըստ Դավիթ Շահնազարյանի, չի թաքցրել իր նկրտումները ոչ միայն Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի, այլեւ Սյունիքի, Գեղարքունիքի եւ նույնիսկ Երեւանի նկատմամբ․

«Եթե Նիկոլ Փաշինյանի համար Ադրբեջանը կառուցողական երկիր է, գուցե՝ Թուրքիան էլ բարեկամական պետությու՞ն է։ Ես բազմիցս ասել եմ՝ Փաշինյանը սպասարկում է Ադրբեջանի շահերը և այս հայտարարությամբ նա ուղղակիորեն ապացուցեց իմ ասածները՝ անցնելով բոլոր սահմանները։ Ինձ համար անսպասելի էր, որ նա այդքան խորը կգնա։ Այդ հոդվածում կա նաեւ թշնամու կողմն անցնելը, մտածված, թե չմատծված, թեեւ ես համոզված եմ, որ մտածված է։ Նրա բոլոր քայլերն ուղղված են Արցախի դեմ»։

Դավիթ Շահնազարյանը վերահաստատեց, որ իր հայտարարությամբ նա պահանջում է, որպեսզի դատախազությունը գործին ընթացք տա․ 

«Գրավոր դիմում չեմ ուղղելու դատախազություն, որովհետև այսօր դատախազությունը իշխանության կողմից քաղաքական պատվերներ է կատարում։ Եթե ընթացք չտա, կապացուցի, որ սելեկտիվ մոտեցում ունի։ Ոչ վարչապետը, ոչ էլ արտգործնախարարը Լավրովի հայտարարությունը չեն հերքել։ Ազգային ժողովում խոսում են, ինչ-որ բաներ են ասում, օդի տատանումներ։ Փուլայինով հակամարտության լուծում չկա։ Ընդամենը հետեւանքների վերացում․ հետեւանքները այդ տարածքներն են, որոնք Արցախի սահմանադրությամբ, անքակտելի մասն են։ Ավելի քան փաստ է, որ մեկ տարի է՝ քննարկվում է այդ տարբերակը։ Հնգյակի փաստաթուղթ կա, որի տակ նաեւ արտգործնախարարի ստորագրությունն է, որ 2019 թվականի քննարկումները պետք է իրականացվեն»։

Դավիթ Շահնազարյանի համոզմամբ՝ իր պատմության մեջ Ադրբեջանը երբևէ Հայաստանի կողմից նման «նվեր» չէր ստացել․  «Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը պատահական չէ․ նա ասում է՝ Հայաստանը կառուցողական է, Ադրբեջանը ևս, էդ Արցախն է ապակառուցողական»։

Դավիթ Շահնազարյանը կարծում է, որ այսօրվա հասարակությունը 1998 թվականի հասարակությունը չէ, նկատի ունենալով փուլային տարբերակի համընդհանուր մերժումը։

«Կռված տղաների մեծ մասը, որի համար այդ ազատամարտը կյանքի սուրբ գործն էր, այսօր լռում է, թեեւ շատ լավ տեսնում է վտանգները։ Այդ տղաների մի մեծ խմբին ղեկավարում է մի մարդ, որը հայտարարում էր, թե այս շարժումն ավելի կարեւոր է, քան Արցախյան ազատամարտը։ Մի զգալի մաս էլ կարծում է, թե՝ ինչ ուզում են որոշել, մենք ոչ մի թիզ հող չենք տա։ Ցավոք, այդպես չէ»։