«Օրենքով գողերը» դատարանում վիճարկել են իրենց Վրաստանի քաղաքացիությունից զրկելու երկրի նախագահի որորշումը։ Նրանց փաստաբանը համոզված է՝ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ոչ առանց ՊԱԾ մասնակցության, խախտել է իր պաշտպանյալների սահմանադրական իրավունքները, հայտնում է «Эхо Кавказа»-ն։
«Օրենքով գողերը» որոշել են պաշտպանել իրենց սահմանադրական իրավունքները փաստաբան Թամարա Աբեսաձեի օգնությամբ, որը երեք տասնյակ, այսպես կոչված, «օրենքով գողերի» անունից Թբիլիսիի քաղաքային դատարան հայց է ներկայացրել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի դեմ: Ինչպես պարզվել է, վերջերս նախագահը նրանց զրկել է Վրաստանի քաղաքացիությունից: Դրանով, ըստ փաստաբանի, նախագահը իր պաշտպանյալներին թողել է առանց որեւէ քաղաքացիության, ինչով զրկել է նրանց ազատ տեղաշարժման իրավունքից, տվյալ դեպքում՝ Եվրոպայում: Այս փուլում հայտնի են միայն երկու հայցվորների՝ Դավիթ Գերլիանիի, որը քրեական աշխարհում հայտնի է որպես «Դաթո Սվան», եւ Իլյա Սամսոնիայի` Իլո Օզուրգետսկիի անունները։
Քաղաքացիությունից զրկելու համար պարտադիր պետք է լինի մեկ այլ պետության հաստատում, որ, օրինակ, Իլո Սամսոնիան դիմել է Իտալիայի քաղաքացիություն ստանալու համար: Նման փաստաթուղթ չկա: Հետեւաբար մենք միջնորդությամբ դատարան ենք դիմել, որպեսզի նախագահը լիարժեք տեղեկատվություն տրամադրի իր որոշման օրինականությունը հաստատելու համար: Սա Վրաստանի նախագահի միանձնյա որոշումը չէ: Սա Պետական անվտանգության ծառայության, իրավապահ մարմինների, պետության կողմից մշակված «մութ պլան» է, որը թույլ է տալիս խոչընդոտել ապագայում, այսպես կոչված, «օրենքով գողերի» արտաքսումը Վրաստան»:
Նախագահի աշխատակազմը քրեական հեղինակությունների փաստաբանի հայտարարությունը որեւէ կերպ չի մեկնաբանել:




























