ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է նոր հարկեր սահմանել ամերիկյան այն ընկերությունների համար, որոնք ԱՄՆ-ի սահմաններից դուրս են ապրանքներ արտադրում։
Fox Business Network-ին տված հարցազրույցում Թրամփը նշել է, որ հարկային ռեժիմը արտադրությունը ԱՄՆ վերադարձնելու «խթան» կհանդիսանա ընկերությունների համար։
«Եթե մենք ուզենայինք սեփական սահմանը գծել, ինչպես մեր հանդեպ այլ երկրներն են անում, Apple-ը իր արտադրանքի 100 տոկոսը ԱՄՆ-ում կպատրաստեր: Ահա, թե ինչպես դա կաշխատեր»,- ասել է նախագահը:
Պաշտոնական աղբյուրների համաձայն, վարչակազմում ակտիվացնում են Չինաստանից արտադրությունը հանելու ջանքերը՝ մասամբ Պեկինին պատժելու նպատակով՝ կորոնավիրուսի համավարակի վաղ փուլերում նրա արարքների համար, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ընկերություններին կարող են հարկային արտոնություններ առաջարկել արտադրությունը ԱՄՆ վերադարձնելու դեպքում, նախագահն ասել է, որ նրանց համար հարկեր կսահմանի, եթե այդպես չանեն, եւ որ արտադրությունը վերադարձնելը նրանց պարտքն է։ «Անկեղծ ասած, մեր խթանն այն է, որ նրանց համար հարկեր սահմանենք, քանի որ արտասահմանում են ապրանքներ արտադրում։ Մենք պարտավոր չենք նրանց համար շատ բան անել։ Նրանք են մեզ պարտական»,- նշել է նախագահը։
Չինաստանի հետ առեւտրային պատերազմի շրջանակներում նախագահը 370 միլիարդ դոլարի մաքսատուրքեր է սահմանել չինական ապրանքների վրա: Առեւտրի նախարարության տվյալներով, մինչեւ հունվար ամերիկյան ընկերությունները տուրքերի պատճառով կորցրել են մոտ 46 միլիարդ դոլար:





























