Համաշխարհային զբոսաշրջային ինդուստրիան դեռեւս կաթվածահար է կորոնավիրուսի համավարակի պատճառով, սակայն մեծահարուստ ճանապարհորդներն արդեն սկսել են իրենց արձակուրդները տարեվերջին պլանավորել՝ հաշվի չառնելով անվտանգության լրացուցիչ միջոցառումների համար ծախսերը: «Մենք ունեինք մի քանի դատարկ շաբաթ, ոչ մի հայտ: Սակայն մոտ երկու շաբաթ առաջ ամեն ինչ սկսվեց վերադառնալ նորմալ վիճակին»,- Bloomberg-ին պատմել է Նյու Յորքի Local Foreigner զբոսաշրջային գործակալության համասեփականատեր Բրուք Լավերին:
Մարտի սկզբից, ըստ ԱՄՆ տրանսպորտի անվտանգության վարչության, սահմանային անցակետերը հատող մարդկանց թիվը նվազել է մոտ 95%-ով: Փակ սահմանների պատճառով նույնիսկ բիզնես-չվերթների օպերատորները դադարեցրել են թռիչքները: Բայց հիմա իրավիճակը փոխվում է, եւ առաջինը, ովքեր մտածել են արտասահմանում հանգստի մասին, այն մարդիկ են, որոնք կարող են իրենց թույլ տալ վճարել մասնավոր ավիացիայի ծառայությունների համար։
Առողջարանները, որոնք նախատեսված են մասնավոր ավիաթռիչքների ընդունման համար, արդեն իսկ բախվում են մեծ թվով ամրագրումների։ Օրինակ, Կարիբյան ծովի մասնավոր կղզու գրեթե բոլոր 22 քոթեջները Ամանորի տոների համար ամրագրված են, նշում է Bloomberg-ը:
Բացի այդ, մեծահարուստ զբոսաշրջիկները վստահ են, որ լրացուցիչ ծախսերը իրենց համար բավարար անվտանգություն կապահովեն արձակուրդի ժամանակ: «Շքեղությունն ու ճանապարհորդությունները համավարակի ավարտից հետո առաջինը կվերադառնան»,- ասել է GeoEx-ի գործադիր տնօրեն Քեյթ Դոթին:
Մայիսի սկզբից սաֆարիի կազմակերպիչ Roar Africa- ընկերությունը ամանորյա արձակուրդային սեզոնի համար արդեն վաճառել է իր նոր տուրերից վեցը: Աֆրիկայում ութօրյա սաֆարին հաճախորդի համար 60 000 դոլար կարժենա, սակայն սովորական տպավորությունների հետ համատեղ, այն երաշխավորում է լիարժեք սոցիալական հեռավորություն՝ բացի ուղեկիցներից եւ անձնական օդաչուից, գիդից, սպասավորից, շեֆ-խոհարարից, հաճախորդը ստիպված չի լինի որեւէ մեկի հետ շփվել:
Լոս Կաբոսում (Մեքսիկա) եւ Նապա հովտում (Կալիֆորնիա) Auberge Resorts հյուրանոցային ցանցում ամանորյա տոներին ամրագրումների հայտերի քանակը աճել է 50%-ով՝ համեմատած 2019-ի նույն ժամանակահատվածի հետ: Սուրբ Ծննդյան տոների համար ամրագրվել են Դոլորես (Կոլորադո նահանգ) Dunton Hot Springs հյուրանոցի բոլոր համարները: Ամառային անկումից հետո ձմեռային սեզոնի համար չարտերային զբոսանավերի հայտերը արդեն համապատասխանում են 2019-ի տեմպին, ասել է Northrup & Johnson ընկերության մենեջեր Ջանին Սեն Դենին։
Մեծահարուստ զբոսաշրջիկների համար հանրաճանաչ ուղղությունների թվում են նաեւ Մեքսիկայում, Հավայան կղզիներում, Կարիբյան ավազանում եւ Մալդիվներում հանգստավայրերը, նշում է Bloomberg-ը: Եւ հակառակը՝ Սուրբ Ծննդյան տոների համար դեռեւս քիչ է լեռնադահուկային հանգստավայրերի պահանջարկը: Indagare զբոսաշրջային գործակալության տնօրեն Մելիսա Բիգս Բրեդլին դա բացատրում է այն հանգամանքով, որ շատ մարդիկ են վարակվել կորոնավիրուսով Եվրոպայի եւ ԱՄՆ-ի լեռնադահուկային հանգստավայրերում:




























