ՀՀ իշխանությունները լուրջ կոնցեպտուալ մոտեցում չունեն էլեկտրոնային կառավարման զարգացման հարցում: Այս մասին այսօր՝ մայիսի 20-ին, «Բարձրտեխնոլոգիական արդյունաբերության հեռանկարները» թեմայով քննարկման ժամանակ ասաց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: Նրա խոսքով՝ թվում էր, թե հեղափոխությունից հետո այդ հարցին ավելի լուրջ մոտեցում կցուցաբերվի, սակայն դա տեիղ չունեցավ:
«Ըստ էության, իշխանություններն այդ համակարգի զարգացման հարցում սկզբունքային մոտեցում չունեն»,-ասաց Կարեն Վարդանյանը:
Նա նշեց, որ նման տեսակի ծրագրերը նախկինում ֆինանսավորվում էին ՀԲ-ի կամ եվրոպական կառույցների կողմից, սակայն այդ կազմակերպությունների առաջադրած պահանջները տեղական ընկերություններին թույլ չեն տվել մասնակցել այդ ծրագրին, ինչի հետեւանքով դրանք իրականացվել են «Նիգերիայում ինչ-որ ընկերության կողմից»:
Նա նաեւ նշեց, որ խնդրի լուծման նպատակով ԱՏՁՄ-ն «Արմսեկ» հիմնադրամի հետ համատեղ անցկացնում է «պայմանական կիբեռհարձակումներ» համակարգերի վրա, դուրս բերում խնդիրներն ու ներկայացնում համապատասխան տեղեկություն դրանց լուծման համար:




























