SpaceX ընկերության ամերիկյան Crew Dragon տիեզերանավը, որում գտնվում են տիեզերագնացներ Դուգլաս Հյորլին եւ Ռոբերտ Բենքենը, ԱՄՆ արեւելյան ափի ժամանակով 15:22 Ֆլորիդա նահանգի Կանավերալ հրվանդանի վրա գտնվող կայանից արձակվել է դեպի Միջազգային տիեզերական կայան եւ արդեն ուղեծիր է դուրս եկել։ Մեկնարկի հեռարձակումը կատարվում է Աերոգնացության եւ տիեզերական տարածքի հետազոտության ազգային վարչության (ՆԱՍԱ) կայքում, հայտնում է ՏԱՍՍ-ը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է կայան, որպեսզի դիտի տիեզերանավի արձակումը։

Crew Dragon-ը ուղեծիր տանող Falcon 9 հթիռակրի երկրորդ աստիճանի միացումը տեղի է ունեցել ըստ ժամանակացույցի՝ մեկնարկից 2,5 րոպե հետո։

Հրթիռակրի երկրորդ աստիճանը կաշխատի 8 ժամ 44 վայրկյան։ Դրա շարժիչի անջատվելուց 3 րոպե անց տիեզերանավը կհեռանա երկրորդ աստիճանից։ ՄՏԿ-ի հետ կցումը տեղի կունենա 19 ժամ հետո։

Ի տարբերություն Dragon բեռնատար տիեզերանավերի, որոնց ՄՏԿ-ին մոտենալուց հետո հափշտակում էր հեռակառավարման մանիպուլյատորը, Crew Dragon-ը հագեցած է կցման ավտոմատ համակարգով։

Falcon-9 հրթիռակրի արձակումը իրականացվել է 39А հարթակից, երկրորդ փորձից։ Անցած չորեքշաբթի մեկնարկը հետաձգվել էր նախատեսված ժամանակից 17 րոպե առաջ՝ տիեզերակայանի շրջանում անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով։

«Իմ եւ SpaceX-ում բոլորի համար սա իրականություն դարձած երազանք է։ 2002թ․, երբ սկսում էինք, ես չէի կարծում, որ այս օրը կգա։ Նույնիսկ այդպիսի երազանք չունեի»,- ավելի վաղ հայտարարել էր Իլոն Մասկը։

Առաքելության հաջող կատարումը թույլ կտա հասնել NASA-ի առաջնահերթ նպատակին, որը նախանշվել է Ջիմ Բրայդենսթայնի կողմից, «վերականգնել ամերիկյան տիեզերագնացների թռիչքները ամերիկյան տարածքից»: Անցած ինը տարիների ընթացքում ամերիկացիներին ուղեծիր էին տեղափոխում ռուսական «Սոյուզ»-ները։