«Նաբուկո» գազամուղը գազով լցնելու համար որպես պոտենցիալ մատակարար ԱՄՆ-ը տեսնում է ադրբեջանական «Շահ դենիզ» հանքավայրը, «ինչպես նաեւ Կասպյան ավազանի այլ աղբյուրներ», այդ թվում նաեւ նրանք, որոնք պատկանում են Թուրքմենստանին: Այս մասին հայտնել է ԱՄՆ էներգետիկայի փոխնախարար Դենիել Փոունմենը:
"Պետությունների ղեկավարների եւ նավթային ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ մենք հրաշալի հնարավորություն ունեինք քարտեզի օգնությամբ ուսումնասիրել մի շարք գազի աղբյուրներ, որոնք պետք է անցնեն «Հարավային միջանցքով»- ասել է Փոումենը: Նրա խոսքով, իր գլխավորած պատվիրակությունը Բաքվում այդ երկրի ղեկավարների հետ լայն քննարկումներ է անցկացրել «Հարավային միջանցք» նախագծի շուրջ: «Մենք ակնկալում ենք, որ բանակցությունները կշարունակվեն եւ կհանգեցնեն վերջնական որոշման»,- ասել է Փոումենը եւ հավելել, որ ԱՄՆ-ի տեսանկյունից, կարեւոր է այն, որ թափանցիկ շուկաները եւ նրանց գործունեությունը պետք է հիմք ընդունվեն՝ որոշելու համար, թե որ երթուղին պետք է օգտագործվի:
Հիշեցնենք, որ 7,9 մլրդ. եվրո արժողությամբ Nabucco նախագծի շինարարությունը կսկսվի 2011 թվականին եւ կվարտվի 2014-ին: Գազամուղի առավելագույն հզորությունը կազմելու է տարեկան 31 մլրդ. խմ: Նախագծի մասնակիցներն են ավստրիական OMV, հունգարական MOL, բուլղարական Bulgargaz, ռումինական Transgaz, թուրքական Botas եւ գերմանական RWE ընկերությունները, որոնցից յուրաքանչյուրը նախագծում ունի 16,67 տոկոս մասնաբաժին:



























