Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը մեկնաբանել է Արցախի Հադրութի շրջանում ադրբեջանցիների կողմից հայ գյուղացու սպանության փաստը:

«Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել ղարաբաղյան հակամարտության գոտում՝ զինադադարի հաստատման 17-րդ տարեդարձի նախօրեին սպանելով հողագործական աշխատանքներ իրականացնող Արցախի խաղաղ բնակիչ Արայիկ Բալասանյանին:

Այս կարգի քայլերով Ադրբեջանը հակադրվում է ոչ միայն խաղաղ կարգավորման գործընթացի տրամաբանությանը, այլեւ ձգտում է բոլոր միջոցներով պահպանել լարվածությունը շփման գծում՝ խոչընդոտելով միջազգային հանրության կողմից ներկայացված առաջարկների հիման վրա հիմնախնդրի կարգավորմանը»,- ասել է նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 11-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի գնդակից քաղաքացիական անձ է զոհվել: Շփման գծի  հարավարեւելյան սահմանահատվածում տրակտորով աշխատելիս, հակառակորդի կողմից ժամը 18:05-ի սահմանում արձակված գնդակից գլխի շրջանում ստանալով հրազենային մահացու վիրավորում` Հադրութի քաղաքացիական հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին ժամը 19:20-ին մահացել է Հադրութի շրջանի Քյուրաթաղ գյուղի բնակիչ, 33-ամյա Արայիկ Նելսոնի Բալասանյանը:

Միջադեպի հետ կապված մանրամասները ճշտվում են: