Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի եւ համագործակցության հարցերով նախարարությունը Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է անում դադարեցնել հրադադարի ռեժիմի խախտումները եւ երկխոսություն սկսել: 

Նախարարության պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ Միացյալ Թագավորությունը խորապես մտահոգված է Հայաստանի եւ Ադրբեջանի միջազգային սահմանին հրադադարի վերջին խախտումներով եւ շատ է ափսոսում մարդկանց զոհվելու փաստերի համար:

«Մենք երկու կողմերին կոչ ենք անում հետեւել հրադադարի համաձայնագրին եւ երկխոսություն սկսել»,- նշված է հայտարարության մեջ:

«Մենք երկու կողմերին կոչ ենք անում դրսեւորել զսպվածություն եւ զերծ մնալ հռետորաբանությունից, որը կարող է էլ ավելի մեծացնել լարվածությունը:

Մենք կրկին հայտարարում ենք բանակցային գործընթացին մեր աջակցության մասին, որին նպաստել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ապահովմանը:

Շարունակվող բռնությունը սպառնում է տարածաշրջանային կայունությանը եւ բարգավաճմանը ու շեշտում պաշտոնական բանակցությունների վերսկսման հրատապ անհրաժեշտությունը»,- նշել է նախարարության ներկայացուցիչը: