Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը Գյումրիում մշակույթի հուշարձանների վիճակին նվիրված քննարկման ժամանակ հրաժարվել է քննարկել Մինաս Ավետիսյանի որմնանկարների Գյումրիից ԵՐեւան տեղափոխման հարցը:

Քննարկման ժամանակ, որին մասնակցել են նաեւ մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչները, Հ. Պողոսյանը նշել է, որ մշակույթի հուշարձանների վիճակը Շիրակի  մարզում խիստ մտահոգիչ է:

Խորհրդակցության եկած գյումրեցիները, մասնավորապես, Գյումրիի  քաղաքապետ  Վարդան Ղուկասյանը, ըստ ամենայնի, ակնկալել են, որ  օրակարգային հարցերից մեկը  կլինի Մինաս Ավետիսյանի որմնանկարների պահպանության խնդիրը, սակայն հենց խորհրդակցության սկզբում Հասմիկ Պողոսյանը հիասթափեցրել է, ասելով. «Այդ մասին չենք խոսելու, լոզունգային հարցեր եւս չենք քննարկելու»:

Այնուհետեւ անդրադառնալով քննարկմանը ներկա լրագրողներին ու օպերատորներին, նշել է. «Մենք չենք եկել ոչ շոու անենք, ոչ ներկայացում, ոչ էլ իրար բան ունենք ցույց տալու, այնպես որ նորմալ ձայնագրություն արեք, մեր ասածներն էլ ձեր ձեւով չմեկնաբանեք»:

Քննարկվել է Գեորգի Գյուրջիեւի տուն- թանգարան հիմնելու,  Մարմարաշենի վանական համալիր  տանող ճանապարհը վերանորոգելու , «Կումայրի» արգելոց թանգարանին կարգավիճակ տալու խնդիրները:

«1200 հուշարձան հանձնվել է Գյումրիի քաղաքապետարանին»,-հայտարարել է Հասմիկ Պողոսյանը: Վարդան Ղուկասյանն էլ ընդմիջել է, թե  ուրախ կլիներ, եթե մշակույթի նախարարությունը կիսեր  պատասխանատվության բեռը:

«Հիմա տիկին Պողոսյանը խոսում է այն խնդիրներից, ինչ մենք ասել ու բարձրաձայնել ենք տարիներ շարունակ»,-ասել է Վարդան Ղուկասյանը: Հանդիպման ավարտին Գյումրիի «Ստիլ» պատկերասրահի տնօրեն Արտուշ Մկրտչյանը բարձարաձայն նկատել է, թե «բոլոր հարցերը քննարկվում են վերացական, առանց կոնկրետ անելիքների»:

«Ստիլի» տնօրենի նկատառումը խիստ զայրացրել է Հասմիկ Պողոսյանին, ով ներկաներին հիշեցրել է մութ ու խավար տարիների մասին: «Մոռացել եք, հա՞, որ 20 տարեկան է մեր պետությունը: Ամեն ինչ միանգամից եք ուզում, չհասկացանք»,-ասել է Հասմիկ Պողոսյանը: