Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի հովիվ Տեր Նշան քահանան համոզված է, որ հայերը գենդերային խնդիրներ չունեն: Այս մասին նա հայտարարել է Գյումրիում` ընտանիքի օրվա առթիվ կազմակերպված միջոցառման ժամանակ:
«Հայ կանայք սվաղ չեն անում, իսկ մոլդովացի ու ռուս կանայք անում են, այն էլ տասնյակ քմ-ներով: Ինչո՞ւ հայերը չեն անում, որովհետեւ հայ տղամարդիկ սիրում են իրենց կանանց ու խնայում են»,- ասել է քահանան, հավելելով, որ դեմ չէ, որ հայ կինն աշխատի, դեմ չէ, որ շատ վաստակի, բայց դեմ է, որ ընտանիք ղեկավարի:
«Տան գլուխ չպիտի լինի կինը, իսկ երկգլխանի ընտանիք չի լինում: Հայկական մտածելակերպն այսպիսին է, եվրոպացին չի ձգտում դրան, քանի որ ընտանեկան կապերն այնքան ամուր չեն դրսում: Հայկականն ուրիշ է, այստեղ ինչ-որ մեկը ձգտում է կառավարել»,- նշել է քահանան, հավելելով, որ «ազատականացումը կործանում է հայ ընտանիքը»:



























