Հայաստանում երեխաների 80 տոկոսը պարբերաբար ենթարկվում է բռնության: Այս մասին այսօր` մայիսի 16-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դասախոս Աննա Ոսկանյանը: Նրա խոսքով, Հայաստանում սեռական բռնությունների թիվն աճել է, սեռական բռնության են ենթարկվում կանայք եւ երեխաները: «Բռնարարքների հիմնական պատճառը տվյալ ազգի, պետության քաղաքակրթության մակարդակով է պայմանավորված»,- ասաց «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի ավագ մասնագետ, հ.գ.թ. Ռուբեն Պողոսյանը:
Մասնագետների խոսքով, բռնության, մասնավորապես, սեռական բռնության պատճառ են դառնում հեռուստատեսությամբ ցուցադրվող հաղորդումները, սերիալները, լրատվամիջոցների տարածած նյութերը: Աննա Ոսկանյանն օրինակ բերեց «Հ1»-ով ցուցադրվող «Աննա» հեռուստասերիալը, որտեղ վերջերս ցուցադրվել էր երիտասարդ կնոջ ծեծը եւ բռնաբարությունը: Նրա խոսքով, դիտելով այդ ամենը, լսարանի մոտ ձեւավորվում է վարքային մոդել, որը նա կարող է օգտագործել իր կենցաղում:
«Հայաստանյան միջավայրում բոլոր փորձում են ստանալ այն, ինչ հնարավոր է, այն ձեւերով, ինչով հնարավոր է: Բարձիթողի վիճակ է, ինչ ուզում` ցուցադրում են, ինչ ուզում` տարածում են: Երեխան ամբողջ ժամանակ գտնվում է արհեստական գայթակղության մեջ»,- ասաց նա:
Ռուբեն Պողոսյանն էլ նշեց, որ բռնությունների պատճառներից է այն, որ մեզանում սեռական դաստիարակությունը նորմալ չի դասավանդվում դպրոցներում: Իսկ թե ովքեր են մեղավորները այս հարցում, Աննա Ոսկանյանը նշեց, որ նախեւառաջ պետությունը, ապա` հասարակությունը եւ բոլոր այն անձինք, ովքեր խոչընդոտում են մասնագետների աշխատանքը այս խնդիրների լուծմանը:




























