Ամուսնությունների գրանցման ժամկետը մեկ ամսից մեկ շաբաթ դարձնելու օրինագիծն ուղղակի աբսուրդ է. խորհրդարանի նման որոշումը թույլ է տալիս Հայաստանից հարսնացուներ եւ փեսացուներ «առեւանգել»։ Մայիսի 16-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը։
«Առաջ, եթե մեր հայրենակիցները գալիս էին Հայաստան ամուսնանալու, ծանոթանում էին, եւ ստիպված էին լինում մեկ ամիս անց կրկին գալ եւ ձեւակերպել ամուսնությունը։ Այժմ մի շաբաթվա ընթացքում հարցերը լուծվում են։ Սրանով մենք հեշտացնում ենք հարսնացուների եւ փեսացուների «արտահանումը» Հայաստանից։ Անհատների՝ մանավանդ աղջիկների համար դա լավ է, իսկ երկրի համար՝ արտագաղթի եւս մեկ խողովակ»,- ասաց նա։
Սոցիոլոգի խոսքով, վիճակագրական տվյալներից դատելով՝ Հայաստանում փեսացուները «պառավել են» 5, իսկ ահա հարսնացուները՝ 3-4 տարով։ «Եթե 20 տարի առաջ փեսացուների միջին տարիքը 22-ն, էր ապա այժմ՝ 27-ն է։ Հարսնացուների մոտ այդ տարիքը տատանվում է 24-25-ի մեջ։ Մարդիկ այժմ ուշ են ամուսնանում եւ հետեւաբար քիչ երեխաներ են ունենում, մեր հասարակությունը ծերանում է»,- ասաց Ադիբեկյանը։
Ասուլիսին ներկա, Արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանը, հակադարձելով ընդդիմախոսին, նշեց, որ օրենքի փոփոխությունը դրական ազդեցություն կունենա։ «Մարդիկ ավելի հեշտ կգրանցեն իրենց ամուսնությունը։ Որեւէ հավելյալ խոչընդոտ դնել նրա համար, որպեսզի ամուսնությունը գրանցելուց հետո բավականին երկար ժամանակ անցնի, չենք տեսնում, այդ պատճառով ամուսնությունների գրանցման կարգը պետք է պարզեցնել։ Ենթադրում ենք, որ գործընթացի հեշտանալուն զուգահեռ՝ ամուսնությունների թիվն այսուհետ կավելանա։ Բացի այդ, կնվազեցվեն ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերը»,- ասաց Օրբելյանը՝ նկատի ունենալով, որ ամուսնությունը ՔԱԳՎ-ներում ժամկետից շուտ գրանցելու համար մարդիկ այսուհետ հավելյալ «լավություններ» չեն անի։
Ամփոփելով՝ Օրբելյանը հույս հայտնեց, որ օրինագիծը խորհրդարանում երկրորդ ընթերցմամբ կընդունվի:
Նշենք, որ Հայաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքում փոփոխություններ անելու օրինագծին, որով նախատեսվում է կրճատել ամուսնության գրացման ժամկետը՝ մեկ ամսից հասցնել յոթ օրվա: Ավելի արագ կարելի է ամուսնություն գրանցել երեխայի ծննդյան, հղիության վերջին շրջանում, բանակային ծառայության անցնելիս, ծանր հիվանդության դեպքում:




























