Հայաստանի վերաքննիչ քրեական դատարանում մայիսի 17-ին ժամը 10-ին կքննվի իրավապաշտպան ՀԿ-ների բողոքն ընդդեմ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշման, ըստ որի մերժվել էր քաղաքացուն առանց դատարանի որոշման ազատազրկելու համար քրգործի հարուցումը:

Հիշեցնենք, որ 2011 թ. մարտի 25-ին «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ նախագահ Արման Դանիելյանը, «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ՀԿ նախագահ Ավետիք Իշխանյանը եւ «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ նախագահ Արթուր Սաքունցը բողոք են ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ ՀՀ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ:

2011 թ. հունվարի 18-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժել է երեք իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների նախագահների հայցն ընդդեմ ՀՀ գլխավոր դատախազության:

ՀԿ-ների ղեկավարները պահանջում էին քրեական գործ հարուցել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի եւ «Նուբարաշեն» ՔՀԿ-ի պետի նկատմամբ՝ առ այն, որ 2010 թ. օգոստոսի 5-ից մինչեւ սեպտեմբերի 1-ը քաղաքացի Սարգիս Պողոսյանը, առանց դատարանի որոշման, գլխավոր դատախազի տեղակալի գրավոր ցուցումով ապօրինաբար պահվել է անազատության մեջ եւ այնուհետեւ նույն անձի հրամանով ազատ արձակվել: