Անկարայի կողմից Վարոշայի՝ Կիպրոսի Ֆամագուստա հանգստավայրի կարգավիճակի փոփոխումը՝ ՄԱԿ ներկա բանաձեւերի խախտմամբ բիզնեսի եւ զբոսաշրջիկների համար բացելու ճանապարհով, բացասաբար կանդրադառնա Թուրքիայի եվրոպական հեռանկարների իրականացման վրա: Այս մասին շաբաթ օրը Պրոդրոմոս գյուղում Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնի կապակցությամբ տեղի ունեցած եկեղեցական արարողությունից հետո հայտարարել է Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Թուրքիան նախ պետք է հաշվարկի բոլոր ծախսերը, քանի որ նման որոշումը կդառնա ոչ միայն Անվտանգության խորհրդին (ՄԱԿ) կամ Եվրախորհրդին դիմելու պատճառը, այլեւ այն պատճառը, որ կդադարեցվի Թուրքիայի ամբողջ եվրոպական ընթացքը»,- ասել է կղզի-պետության ղեկավարը՝ մեկնաբանելով թուրքական եւ թուրք-կիպրական մամուլի հրապարակումներն այն մասին, որ Անկարան պատրաստվում է բացել մուտքը Վարոշա:
Անաստասիադիսն ընդգծել է, որ Վարոշայի խնդրի «վերջնական կարգավորմանը» կարելի է հասնել միայն «անկեղծ երկխոսության եւ միջազգային ու ծովային իրավունքի լիարժեք հարգանքի միջոցով»:
1974 թվականին թուրքական զորքերի կողմից հյուսիսային Կիպրոսի գրավման ժամանակ Ֆամագուստան լքվել էր հունական կիպրացիների կողմից: Քաղաքի բնակիչների ակնհայտ մեծամասնությունը կազմող հունական համայնքի 26 000 ներկայացուցիչներին հրամայվել էր 24 ժամվա ընթացքում լքել Ֆամագուստան եւ միայն այն իրերով, որոնք կարող էին իրենց հետ վերցնել: Բայց եթե քաղաքի մեծ մասում ապրում էին կիպրացի թուրքերը, ովքեր մնացել էին այնտեղ, ինչպես նաեւ Թուրքիայից եկած բնակիչները, ապա Վարոշայի շրջանը, որը գտնվում է Ֆամագուստայի հիմնական մասի հարավում, ամբողջովին դատարկվել էր, ձեւականորեն հայտնվելով ՄԱԿ-ի բուֆերային գոտում, սակայն դե ֆակտո գտնվելով թուրքական զորքերի վերահսկողության տակ:
Ընթացիկ եւ անցած տարիներին Անկարան արդեն հաստատել է զբոսաշրջիկների եւ Կիպրոսի հյուսիսային հատվածի բնակիչների համար Վարոշան բացելու իր մտադրությունը: Օրինակ՝ փետրվարին Կիպրոսի մի շարք թուրք պաշտոնյաներ կլոր սեղան անցկացրին Վարոշայում, որից հետո Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը ասաց, որ ժամանակն է փոփոխությունների, որպեսզի վերջին 46 տարիներին դատարկված Ֆամագուստա շրջանը կրկին վերածվի առողջարանային հանգստավայրի: Նա խոստացավ, որ մասնագետները կուսումնասիրեն Վարոշայում գտնվող ավելի քան 8,6 հազար շենքերի վիճակը, որպեսզի որոշեն ինչպես վարվել դրանց հետ։
Այս մոտեցումը խիստ նյարդայնացնում է պաշտոնական Նիկոսիային, քանի որ Թուրքիայի ծրագրերը հակասում են ՄԱԿ Անվտանգության խորհրդի 1984 թ. 550 բանաձեւին: Այս փաստաթղթում ասվում է, որ ԱԽ-ն «անթույլատրելի է համարում Վարոշայի որեւէ մասի բնակեցման փորձերը այն անձանց կողմից, ովքեր չեն հանդիսանում նրա բնակիչները, եւ կոչ է անում այդ տարածքը փոխանցել ՄԱԿ-ի հսկողությանը»:
Անկարայի ծրագրերի կապակցությամբ Անաստասիադիսը համապատասխան բողոք է ուղարկել ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշին, ՄԱԿ ԱԽ մշտական անդամ հինգ երկրների (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Չինաստան, ԱՄՆ եւ Ֆրանսիա) ներկայացուցիչներին, Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելին եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին՝ որպես ԵՄ-ում նախագահող երկրի ղեկավար։
Կիպրոսի պետության նախագահը նաեւ առաջարկել է ստեղծել միջազգային փորձագետների հանձնաժողով՝ Վարոշայի նախկին բնակիչների մասնակցությամբ, որոնք կներկայացնեն ինչպես հույն-կիպրական, այնպես էլ թուրք-կիպրական համայնքները, որպեսզի գնահատեն Ֆամագուստայի այս տարածքում առկա իրավիճակը՝ սեփականությունը օրինական տերերին եւ վերջին 46 տարիներին դրան սպասող նրանց սերունդներին վերադարձնելու համար։





























