ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կոնգրեսականների հետ քննարկել է Աֆղանստան լրացուցիչ զորքեր ուղարկելու հարցը։ Ինչպես հաղորդում է BBC-ն, ամերիկյան առաջնորդը հայտարարել է, որ ինչ որոշում էլ որ ընդունի, դժգոհներ միշտ էլ կլինեն։

Մինչդեռ թալիբները կոչ են արել ՆԱՏՕ-ի զորքերին հեռանալ ԱՖղանստանից՝ «տեւական պատերազմից» խուսափելու համար։ «Թալիբան» շարժումը «արեւմտյան զավթիչներին» խորհուրդ է տվել դիմել պատմությանն ու վերհիշել, որ «աֆղան ժողովուրդը միշտ էլ պատրաստ է եղել ինքնազոհության՝ հանուն իր երկրի ու իսլամի»։ Ուղերձում նաեւ նշվում է, որ թալիբները Եվրոպան գրոհելու որեւէ մտադրություն չունեն, եւ որ իրանց միակ նպատակը՝ Աֆղանստանի ազատագրումն ու իսլամական պետության ստեղծումն է։

Այսօր ԱՄՆ նախագահը Աֆղանստանին ու Պակիստանին նվիրված եւս մեկ խորհրդակցություն կանցկացնի։ Այն կարող է առանցքային դառնալ այդ երկրների շուրջ ամերիկյան ռազմավարության հստակեցման եւ Աֆղանստանում զորքերի թվաքանակն ավելացնելու շուրջ որոշման ընդունման հարցում։ Հանդիպմանը ներկա կգտնվեն ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը, պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Պենտագոնի ղեկավար Ռոբերտ Գեյթսը եւ այլոք։ Խորհրդակցությունը կընթանա դռնփակ։

РИА «Новости»-ն հիշեցնում է, որ սեպտեմբերի 23-ին գեներալ Մաքկրիստալը Պենտագոնին է ներկայացրել եւս 40 հազար զինծառայողների Աֆղանստան ուղարկելու առաջարկով զեկույցը։ Ընթացիկ տարվա գարնանը Օբաման արդեն 21 հազար զինվոր է ուղարկել՝ ի լրացումն Աֆղանստանում եղած 68 հազարի։ Այսպիսով, 8-ամյա պատերազմի ընթացքում այդ երկրում ԱՄՆ զորակազմը կազմել է գրեթե 90 հազար։