Որքան էլ իշխանությունները փորձեն ասել, որ Հայաստանը ԼՂ-ն չի ճանաչում Ադրբեջանի կազմում, դրանք ընդամենը ներքին օգտագործման խոսակցություններ են: Մայիսի 19-ին տեղի ունեցած քննարկման ժամանակ նման տեակետ հայտնեց Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) ղեկավար Մանվել Սարգսյանը։ Նրա խոսքով, իրականության մեջ Ղարաբաղի տարածքը ԵԱՀԿ 56 անդամ-երկրների, այդ թվում Հայաստանի կողմից ճանաչված է որպես Ադրբեջանի տարածք:

«Խնդիրը, որը դրված է ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկած մոդելի մեջ, այն է, թե ինչպե՞ս պետք է լուծել Ադրբեջանի տարածքում ապրող հայերի խնդիրը։ Ընդամենը սա է հարցը, Մինսկի խումբը որեւէ այլ խնդիր չի լուծում։ Շատերը ԼՂՀ-ի մասին խոսելիս ասում են «ստատուս-քվո», ինչը շատ անորոշ բնութագրում է։ Բայց ի՞նչ կարգավիճակ ունի այդ տարածքը՝ ոչ մի։ Դա Ադրբեջանն է, որտեղ ինչ-որ խնդիրներ կան։ Մենք փորձում ենք ապահովել այդ տարածքի անվտանգությունը՝ ճանաչելով ուրիշ երկրի իրավական իրավունքը այդ տարածքի վրա։ Այլ կերպ ասած՝ Ղարաբաղի հարցը Ադրբեջանի տարածքում ապրող հայերի խնդիրների լուծման հարցն է, ոչ այլ բան»,- նշեց փորձագետը։

Մանվել Սարգսյանը նկատեց, որ ակնհայտ է, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հարցում միակողմանի որեւէ զիջման չի գնա։ «Այդ երկիրը փայլուն գիտակցում է, որ կորցրել է իր երազած երկրի մի մասը եւ կորցրածը վերականգնելու համար հրաշալի քաղաքականություն է իրականացնում, այնինչ Հայաստանը ստացիոնար, հարյուր տարվա համար մշակված քայլերի է դիմում՝ հաշվի չառնելով, որ հակառակորդը տարիների ընթացքում փոխում է հակամարտության բովանդակությունը։ Սակայն փաստ է, որ մեր որոշումները սրբորեն պահելով՝ չենք հասկանում, որ որքան դրանք ավելի մեծ եռանդով ենք պահպանում, այնքան ավելի ենք մեծացնում պատերազմի հավանականությունը։ Իսկ պատերազմի հավանականությունը սկսվում է այնտեղից, որտեղ միջազգային հանրությունը ոչ թե արգելում է կրակել Ադրբեջանին, այլ միայն ասում է, որ ԼՂ հարցը ռազական ճանապարհով լուծելը վտանգավոր է»,- համոզմունք հայտնեց փորձագետը։

Մանվել Սարգսյանի կարծիքով, Հայաստանի խնդիրն է հասնել նրան, որ Լեռնային Ղարաբաղին ոչ թե «օկուպացված տարածքներ», այլ մեկ ուրիշ կարգավիճակ տրվի եւ ակդ հստակ ձեւակերպումն ընդունելի դառնա միջազգային  հանրության համար։

Ամփոփելով՝ ՌԱՀՀԿ փորձագետը հատկանշական համարեց, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը դարձել է կուռքի նման մի բան, որին թեպետ անընդհատ քննադատում ենք, սակայն «ուսանողից մինչեւ նախագահ ասում են, որ ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»։