Մասնավոր տրանսֆերտները դեպի Հայաստան առաջին կիսամյակում կրճատվել են 30,5%-ով, սակայն չնայած դրան՝ ապրիլի վերջի դրությամբ ժամկետային ավանդները ոչ միայն չեն կրճատվել, այլ նույնիսկ ավելացել են: Այս մասին այսօր՝ օգոստոսի 29-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը՝ ներկայացնելով իր հետազոտությունը՝ «ՀՀ տնտեսությունը 2020-ի առաջին կիսամյակում ԵԱՏՄ-ում երկրի անդամակցության համատեքստում»:

Նրա խոսքով՝ առաջին կիսամյակում Հայաստանի տնտեսական վիճակի գնահատման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել, որ իրավիճակի վրա ազդել են պանդեմիայի ծանր հետեւանքները:

Նա նշեց, որ սկզբնապես երկրի տնտեսության զարգացման միտումները դրական են գնահատվել: Օրինակ, տարեսկզբին ԿԲ կանխատեսումներով տնտեսական աճը պետք է կազմեր 7,2%:

Սակայն պանդեմիայի ֆոնին ԿԲ-ն վատացրել է կանխատեսումները՝ կանխատեսվող մակարդակը նվազեցնելով մինչեւ 0.7%-ով, ապա կանխատեսելով 4% անկում: Վերանայված բյուջեի համաձայն՝ Հայաստանում տնտեսական անկումը մինչեւ տարեվերջ կկազմի  2%:

Միեւնույն ժամանակ, միջազգային FitchRaitings ռեյտինգային գործակալությունը Հայաստանի երկարաժամկետ ռեյտինգների կանխատեսումը «կայունից» «բացասական» է դարձրել:

Ենթադրվում է, որ Հայաստանը կշարունակի զգալ իր վրա լայն սոցիալական եւ ներքաղաքական կայունության արդյունքը եւ որ Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի հարցով հակամարտությունը չի հանգեցնի այն մակարդակին, որը կազդի տնտեսական եւ ֆինանսական կայունության վրա:

Ակնկալվում է, որ ՀՀ մակրոտնտեսական ցուցանիշները կհամապատասխանեն գլոբալ տնտեսության կանխատեսումներին:

Անդրադառնալով այլ տնտեսական ցուցանիշներին՝ Մանասերյանը նշեց, որ այս տարվա հունվար-հունիս ամիսների ընթացքում արդյունաբերական արտադրանքի արտադրական ծավալները կազմել են գրեթե 895 952.1 մլն դրամ՝ ավելանալով 1,5%-ով՝ համեմատած 2019-ի նույն ժամանակահատվածի հետ:    

Ընդ որում ,այս տարվա հունիսի ցուցանիշը անցյալ տարվա հունիսի հետ համեմատած անկում է ապրել 2,4%-ով: 2020թ. հունիսին այս տարվա մայիսի հետ համեմատած վերոհիշյալ ցուցանիշը աճել է 6,3%-ով:

Կես տարում գյուղատնտեսության ոլորտը նույնպես արձանագրել է առաջընթաց: Հունվար-հունիս ամիսներին անցյալ տարվա առաջին հինգ ամսվա համեմատությամբ այդ ցուցանիշն աճել է 1,7%-ով եւ կազմել 239 967.3 մլն դրամ:

Ծառայությունների ոլորտն (առանց առեւտրի) աճել է 0,1% մինչեւ մայիսի վերջ եւ կազմել 585 439.2 մլն դրամ (աճը 0,1%): Հունիսին, սակայն, մայիսի համեմատությամբ անկումը կազմել է 11,2%, իսկ հունիսին անցյալ տարվա հունիսի համեմատությամբՙ 15,9%:

Ամենամեծ անկումը կիսամյակում ցույց է տվել շինարարությունը, որտեղ էլ, վերջին ամսվա կտրվածքով արձանագրվել է ամենաբարձր աճը: Ներքին առեւտրի ոլորտում հինգ ամսում անկումը կազմել է 11,1%՝ կազմելով 1 262 458.7 մլն դրամ, իսկ հունիսին 2019 հունիսի համեմատությամբ կրճատվել է 12,4%: