Տնտեսական եւ ռազմաքաղաքական ինտեգրացիան ԵԱՏՄ երկրների անվտանգության երաշխիքն է: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը:

Նրա խոսքով՝ ինտերգրացիոն գործընթացներն ու ռազմաքաղաքական համագործակցությունը փոխկապակցված են:

Թավադյանը նշեց, որ միասնական տարածաշրջանային տնտեսության ձեւավորումը ենթադրում է ոչ միայն ԵԱՏՄ երկրների գործողությունների համակարգման եւ կառավարման միասնական մարմինների ստեղծում, այլ նաեւ բոլոր ազգային տնտեսությունների տեղափոխում սկզբունքայնորեն նոր ուղու վրա:

Այդ հնարավորության իրականացման համար անհրաժեշտ է շտկել տնտեսական քաղաքականության առաջնահերթությունները, հստակ որոշել եւ համաձայնեցնել դրանց նպատակները, ձեւավորել տնտեսության զարգացման նոր մոդել եւ կանխատեսել ակնկալվելիք արդյունքները՝ կարծիք հայտնեց տնտեսագետը:

Իր հերթին, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը հավելեց, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ երկրների հետ համատեղ ձեռնարկություններ ստեղծելու եւ այդ գործընթացներին մասնակցելու համար հնարավորություններ եւ ներուժ ունի: