Ակնկալվում է, որ Իսրայելի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների տարեկան առեւտրաշրջանառությունը կհասնի 4 միլիարդ դոլարի, հայտարարել է Իսրայելի հետախուզության նախարար Էլի Կոհենը, հաղորդում է AP-ը:
Իսրայելը եւ ԱՄԷ-ն հայտարարել են դիվանագիտական հարաբերությունների կարգավորման մասին՝ այն գործարքի շրջանակներում, որի միջնորդը Վաշինգտոնն է: ԱՄԷ-ն հայտարարել է Իսրայելի տնտեսական բոյկոտը դադարեցնելու մասին, եւ երկու երկրների պաշտոնյաները ասել են, որ քննարկում են պաշտպանության, էներգետիկայի, բժշկության, զբոսաշրջության, տեխնոլոգիաների եւ ֆինանսական ներդրումների ոլորտներում համագործակցությունը:
Իսրայելի եւ Էմիրությունների մի շարք գործարարներ գործարքներ են կնքել կարգավորման մասին համաձայնագրի հայտարարումից հետո:
«3-5 տարվա ընթացքում Իսրայելի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների միջեւ առեւտրաշրջանառությունը կհասնի 4 միլիարդ դոլարի»,- իսրայելական «Ռեշեթ Բեթ» ռադիոկայանին ասել է Կոհենը:
Այս ամիս Իսրայելի երկու խոշորագույն բանկերի ղեկավարները կմեկնեն ԱՄԷ, ինչը առաջին այցն է այն բանից հետո, երբ երկրները պայմանավորվել են կարգավորել հարաբերությունները:




























