Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը կոչ է արել երեւանցիներին ակտիվորեն մասնակցել մայիսի 21-ի շաբաթօրյակին:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Կարեն Կարապետյանի կոչում, մասնավորապես, ասվում է.

«Սիրելի երեւանցիներ ջան,

Կոչ եմ անում եւ խնդրում եմ ձեզ մասնակցել մայիսի 21-ի շաբաթօրյակին: Կոչ եմ անում այդ օրը նվիրել քաղաքին եւ ոչ ֆորմալ վերաբերվել այդ գործընթացին: Օգտվելով առիթից` ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին, բազմաթիվ այն կառույցների, որոնք տրամադրել են համապատասխան տեխնիկա: Եվ մենք ոչ միայն շաբաթ օրը, այլեւ երեք օր անընդմեջ կատարելու ենք շինարարական աղբի տեղափոխում:

Կոչ եմ անում բնակիչներին, համատիրություններին, բակային տարածքների մաքրությանը վերաբերել ոչ ֆորմալ` ոչ թե թուղթն ու փաթեթը միայն հավաքել, այլ խնամել կանաչը, թուփը, ծառը, բարեկարգել բակերի տարածքները, ցանկապատերն ու եզրաքարերը:

Կոչ եմ անում բանկերին, օֆիսներին, նախարարություններին, ռեստորաններին,խանութներին, կրպակներին մասնակցել շաբաթօրյակին: Համոզվա’ծ եմ, եթե մենք այդ օրը արդյունավետ անցկացնենք, կիրակի օրը մեր բոլորի տրամադրությունը շատ ավելի լավ կլինի»: