ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է կասեցնել Չինաստանի հետ ԱՄՆ տնտեսական հարաբերությունները, սպառնալով պատժել ամերիկյան բոլոր ընկերություններին, որոնք աշխատատեղեր են ստեղծում արտասահմանում եւ նրանց արգելել Չինաստանի հետ բիզնես վարել շահած պետական պայմանագրերի հիման վրա, նշում է Bloomberg-ը։ 

«Մենք մեր հիմնական արտադրական պաշարներն արտադրելու ենք ԱՄՆ-ում, մենք հարկային արտոնություններ կստեղծենք «պատրաստված է Ամերիկայում» ոճով եւ մեր աշխատատեղերը կվերադարձնենք ԱՄՆ ու տուրքեր կսահմանենք ընկերությունների համար, որոնք Ամերիկայից հեռանում են Չինաստանում եւ այլ երկրներում աշխատատեղեր ստեղծելու համար»,- ասել է նա Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսում։

«Եթե նրանք չեն կարող այստեղ դա անել, թող խոշոր հարկ վճարեն, որ կառուցեն նաեւ ինչ-որ տեղ եւ դա ուղարկեն մեր երկիր։ Մենք պետական պայմանագրերը կարգելենք այն երկրների համար, որոնք արտադրությունը տեղափոխում են Չինաստան, եւ Չինաստանին պատասխանատվության կկանչենք այն պատճառով, որ թույլ են տվել վիրուսի տարածումն ամբողջ աշխարհում»,- հայտարարել է Դոնալդ Թրամփը։

«Մենք պատրաստվում ենք վերջ տալ Չինաստանից մեր կախվածությանը, որովհետեւ մենք չենք կարող հենվել Չինաստանի վրա, եւ ես չեմ ցանկանում, որ նրանք իրենց բանակն ուժեղացնեն, ինչպես հիմա են անում, ինչի համար նրանք օգտագործում են մեր փողը»,- հավելել է ԱՄՆ նախագահը։