Արդարադատության նախարարի հրամանով «Հայաստանի Ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնից ազատված Ամատունի Վիրաբյանը տարբեր լրատվամիջոցների հետ զրույցում նշում է, որ «Արխիվը պետությունից ստացել է դրամաշնորհներ եւ սուբսիդիաներ, որոնք ԱԱՀ-ով չէին կարող հարկվել»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արդարադատության նախարարության մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը:

«ԱԱՀ-ի գծով հարկային պարտավորությունների վերաբերյալ պարզաբանեմ, որ դրա վերաբերյալ Նախարարությունը չունի որեւէ առարկություն, եւ այո՛, այդ գծով հարկային պարտավորություն առաջադրվել է գրեթե բոլոր ՊՈԱԿ-ներին, իսկ այդ պարտավորությունները մարվել են Կառավարությունից ստացված միջոցների հաշվին։

Սակայն «Հայաստանի Ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի դեպքում արձանագրվել է նաեւ շահութահարկի գծով պարտավորություն, եւ ստուգման ակտով հստակ արձանագրվել է, որ ի թիվս այլնի, խախտվել է նաեւ «Շահութահարկի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը եւ նույն հոդվածի 2-րդ մասի «դ» եւ «զ» ենթակետերը, որոնց հետեւանքով շահութահարկի գծով առաջադրվել է 21 մլն 369 հազար 151 դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն։

Ինչ վերաբերում է պարոն Վիրաբյանի այն պնդմանը, որ «հարկեր չվճարողներին դատում են, ոչ թե կառավարությունը պահուստային ֆոնդից գումար է տալիս», ապա հարկ է նկատել, որ Պետական եկամուտների կոմիտեի կողմից նախապատրաստվել են նյութեր ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, սակայն քրեական գործի հարուցումը 24․05․2019թ-ին մերժվել է, քանի որ պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ հատուցվել է»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ երեկ ԱՆ-ն տեղեկություն տարածեց այն մասին, որ «Հայաստանի Ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Ամատունի Վիրաբյանն ազատվել է աշխատանքից:

Ավելի ուշ Tert.am-ի հետ զրույցում Ամատունի Վիրաբյանը նշեց. «Ինձ մեղադրում են, որ հաշվապահական հաշվառումը սխալ եմ կատարել, բայց Կառավարության որոշմամբ այդ չվճարված հարկերը վճարվել են: Հարկ չվճարողին դատում են, քրեական պատասխանատվության են ենթարկում, ոչ թե Կառավարության որոշմամբ գումար են տալիս, որ հարկերը վճարի: Ես մեղք չեմ ունեցել: Համարում եմ, որ դա հիմք չէր ինձ աշխատանքից ազատելու համար, երբ Կառավարության որոշմամբ պաշտոնապես գումար է տրվել, որ արխիվի հարկերը վճարվեն»: