Բելառուսը պատերազմի մեջ կմտնի, եթե արեւմտյան երկրների կողմից Ռուսաստանի դեմ ագրեսիա սկսվի։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ռուսական լրատվամիջոցների հետ հարցազրույցում, որը տարածվել է այսօր, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Եթե որեւէ մեկը Բելառուսի կամ Բելառուսին կից տարածքով, իսկ ՀԱՊԿ պատասխանատվության գոտին մեր եւ Միութենական պետությունում է, Ռուսաստանի դեմ ագրեսիա իրականացնի՝ Արեւմուտքը․․․ 60 հազար սվին, 65 (հազար) պատերազմի մեջ կմտնի,- ասել է Լուկաշենկոն։ - Եվ ռուսական խմբավորումը, այն նույնպես գրանցված է ըստ ծրագրի, որը մեզ աջակցում է, այն մեզ հետ միասին ագրեսիան հետ կմղի արեւմտյան ուղղությամբ։ Սա մեր պատասխանատվության գոտին է»։
«Եթե հանկարծ դա տեղի ունենար արեւմտյան ուղղությամբ, ավելի հյուսիս կամ ավելի հարավ, մենք Ռուսաստանին անհապաղ կպաշտպանեինք»,- հավելել է նա։
Նրա խոսքով՝ Բելառուսն իր սահմանների պահպանությունն ուժեղացրել է բոլոր ուղղություններով, բացի Ռուսաստանի սահմանից։
«Փորձեցին մեզ մի փոքր խտղտել, ինչպես հիմա եմ հասկանում։ Այդ ժամանակ ես դա լրջորեն ընկալեցի՝ Բելառուսի սահմանի մոտ տարբեր կարգի զորավարժություններ։ Ասենք Միութենական պետության սահմանների մոտ, ապագայում մեզ այս տերմինը, այս սահմանումը պետք կգա։ Եվ իհարկե, ես արդեն ասել եմ, ես ստիպված էի բելառուսական բանակի կեսը մոբիլիզացնել, որ դրան դիմակայեինք․․․ Մեզ մոտ ամբողջությամբ է (սահմանի ուժեղացումը), ամբողջ պարագծով, բացի Ռուսաստանից, մենք Ռուսաստանի հետ գործնականում սահման չունենք էլ, բացի վարչականից։ Իսկ ընդհանրապես, իհարկե, պահպանվում է, եւ մենք ուժեղացրել ենք նույնիսկ սահմանի ուկրաինական ուղղությամբ»,- ասել է Լուկաշենկոն։
Լուկաշենկոն ավելի վաղ պաշտպանության նախարարությանը հանձնարարել էր ուշադիր հետեւել Լեհաստանում եւ Լիտվայում ՆԱՏՕ-ի ուժերի տեղաշարժին, ինչպես նաեւ երկրի արեւմտյան սահմանին զորքերը բերել լիակատար մարտական պատրաստականության՝ նշելով այդ շրջանում բացասական իրադրությունները։ Բելառուսի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ երկրի Զինված ուժերի մի շարք զորամասեր բարձր աստիճանի մարտական պատրաստականության են բերվելու բանակի համալիր ստուգման 3-րդ փուլի ընթացքում, որը սկսվել է օգոստոսի 24-ից։




























