Ես Ձեզնից եմ լսում, որ պարոն Ջուլֆալակյանը մանդատը վայր է դնելու, ուստի ես նախ՝ զարմացած եմ և չեմ կարող ասել, թե նա դժգոհություններ ունեցե՞լ է, թե՞ ոչ, որովհետև կարծում եմ, որ այդ մասին ճիշտ և նպատակահարմար կլինի, որ անձամբ ինքը խոսի։ Այսպես է արձագանքում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սոֆյա Հովսեփյանը՝ NEWS.am-ի հարցին, թե լինելով նույն հանձնաժողովի կազմում՝ երբևէ լսե՞լ է, որ Արսեն Ջուլֆալակյանն ինչ-որ դժգոհություններ ունենա ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանից։

«Մինչև ժամը 18։00-ն Ազգային ժողովում եմ եղել, մենք հանձնաժողովի նիստ ենք ունեցել, որին պարոն Ջուլֆալակյանն էլ է մասնակցել, և որևէ նման բան չի քննարկվել։ Այսինքն՝ հանձնաժողովին տեղյակ էլ չի պահվել, որ ինչ-որ նման բան կա»,- հավելեց տիկին Հովսեփյանը։

Նշենք, որ քիչ առաջ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրեց, որ դիմել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին պատգամավորական մանդատը վայր դնելու համար։ Արսեն Ջուլֆալակյանը այդ քայլին դիմելու համար որպես պատճառ է նշել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ ունեցած սկզբունքային անհամաձայնությունները նրա ենթակայության տակ գտնվող ոլորտների ներկա կառավարման մոտեցումների վերաբերյալ:

«Պետք է հիմք ընդունել պարոն Ջուլֆալակյանի այսպես ասած՝ փորձը և ոչ թե մեր ենթադրությունները, որովհետև կարծում եմ, որ պարոն Ջուլֆալակյանն այն անձն է, որը մեծ հաշվով տուժողը կամ կրողն է եղել որոշակի հարցերի։ Եթե նման բան է հրապարակել, ուրեմն պետք է որպես հիմք ընդունենք»,- նշեց նա։

Մեր հարցին, թե հնարավո՞ր է, որ այս ամենից հետո Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպում կազմակերպվի և հարցեր ուղղվեն նրան, Սոֆյա Հովսեփյանը չբացառեց։

«Ես այս պահին տեղյակ չեմ, թե պարոն Ջուլֆալակյանն ինչ է գրել, եթե կան հարցեր, որոնք պարզաբանման կարիք ունեն, իհարկե, հնարավոր է և՛ նախարարի, և՛ պարոն Ջուլֆալակյանի հետ հանդիպում ունենալ, որովհետև մանդատը վայր դնելու մասին դիմում գրելը չեմ կարծում, որ մանդատը վայր դնել է նշանակում։ Միգուցե այնպես լինի, որ եթե կա չհասկացված պահ, պարոն Ջուլֆալակյանը իր որոշումից հետ կանգնի։ Ես այս պահին չեմ կարող ասել, թե ինչն է հիմք հանդիսացել»,- եզրափակեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը։