Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Բահրեյնը համաձայնել է կարգավորել հարաբերությունները Իսրայելի հետ:

«Հերթական պատմական առաջընթացը: Մեր երկու մեծ բարեկամները՝ Իսրայելը եւ Բահրեյնի Թագավորությունը, համաձայնեցին խաղաղ համաձայնագրի, արաբական երկրորդ երկիրը 30 օրվա ընթացքում հաշտություն կնքեց Իսրայելի հետ»,- գրել է Թրամփը Twitter-ում։

Այս մասին Թրամփը գրել է Բահրեյնի թագավոր Համադ բեն Իսա Ալ Խալիֆայի եւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցից հետո, հայտնել է Սպիտակ տունը:

Երեք առաջնորդների համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ նրանք պայմանավորվել են «Իսրայելի եւ Բահրեյնի Թագավորության միջեւ լիարժեք դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին»:

«Սա պատմական առաջընթաց է Մերձավոր Արեւելքում հետագա խաղաղության հաստատման ուղղությամբ: Այս երկու դինամիկ եւ առաջադեմ տնտեսությունների միջեւ ուղղակի երկխոսության եւ կապերի բացումը կշարունակի վերափոխել Մերձավոր Արեւելքը եւ կխթանի տարածաշրջանում կայունությունը, անվտանգությունն ու բարգավաճումը»:

Իսրայելի եւ ԱՄԷ-ի միջեւ համաձայնագիրը, որի մասին հայտարարվել է օգոստոսի 13-ին, կստորագրվի սեպտեմբերի 15-ին՝ Սպիտակ տանը:

Հայտարարության մեջ նշվում է, որ Բահրեյնը ընդունել է Թրամփի հրավերը՝ ստորագրման արարողությանը միանալու Իսրայելին եւ ԱՄԷ-ին: Նշվում է, որ այս միջոցառմանը Նեթանյահուն եւ Բահրեյնի արտգործնախարար Աբդուլլաթիֆ Ալ Զայանին «խաղաղության պատմական հռչակագիր» կստորագրեն։

Կողմերը «կշարունակեն այդ ուղղությամբ իրենց ջանքերը՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտության արդարացի, համապարփակ եւ տեւական լուծման հասնելու համար, որպեսզի պաղեստինցի ժողովուրդը կարողանա լիարժեք իրականացնել իր ողջ ներուժը»: