Նոր Նորք վարչական շրջանի ոստիկանության ծառայողները սեպտեմբերի 6-ին առեւանգել են ինձ եւ անձնական ավտոմեքենայով տեղափոխել ոստիկանության բաժին: Պատճառն այն էր, որ ես բացատրություն պահանջեցի այդ պահին մեկ այլ քաղաքացու` իմ ծանոթի առեւանգման վերաբերյալ: Այս մասին սեպտեմբերի 17-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ծանրամարտի միջազգային կարգի սպորտի վարպետ Արմեն Ղազարյանը:

Նրա խոսքով` իր դեմ իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից նման գործողությունների համար հիմքեր չեն եղել, քանի որ ինքը ոչ մի գործով ոչ մի կարգավիճակում չի գտնվում:

«Այս ընթացքում ես խմբակային ծեծի եմ ենթարկվել (մոտ 10 հոգու կողմից)` մարմնական վնասվածքներ ստանալով, եւ բազմաթիվ գործողությունների, որոնք վիրավորում են իմ արժանապատվությունը: Ինձ մոտ այնպիսի տպավորություն էր, որ եթե ոստիկանության սպաներից գոնե մեկը չհարվածեր ինձ, ապա դա նրանց համար «ամոթալի» բան կլիներ: Նրանք կանխամտածված խփում էին այնպես, որպեսզի մարմնի վրա ոչ մի տեսանելի հետք չմնա, չնայած ախտորոշումը վկայում է վնասվածքների առկայության մասին: Ինձ ազատել են այն պայմանով, որ փաստաթուղթ կստորագրեմ` առանց դրան ծանոթանալու հնարավորություն տալու: Հարցի հրապարակայնությունը քաղաքական ենթատեքստ չունի: Ես միայն կարող եմ ասել, որ ոստիկանության այդ աշխատակիցները պետք է պատիժ կրեն:

Երկրորդ քաղաքացու առեւանգումը տեղի է ունեցել ոստիկանության սպաներից մեկի անձնական պատճառներով, որն, ըստ էության, օգտվել է իր պաշտոնական դիրքից: Այս օրերին ոստիկանությունը կապվել է ինձ հետ եւ փորձեց ինձնից կեղծ բացատրություններ ստանալ առ այն, որ վերը նշված դեպքը տեղի չի ունեցել: Մենք բազմաթիվ ապացույցներ եւ վկաներ ունենք: Ես գիտեմ երեք ոստիկանի անունները, իսկ մնացածին կարող եմ ճանաչել դեպքով: Ես չեմ դիմել կառավարության կամ խորհրդարանի անդամներին, բայց ինձ ոգեւորել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանի աջակցությունը, ով ինձ հորդորեց շարունակել պայքարը»,- հավելեց նա:

Մարզիկի փաստաբան Արա Կարագյոզյանի խոսքով`  քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեն ինչպես միջադեպի մասնակից ոստիկանները, այնպես էլ ոստիկանության բաժնի պետը, քանի որ ամեն ինչ տեղի է ունեցել նրա ներկայությամբ, եւ նա ոչ մի միջոց չի ձեռնարկել:

«Բացի այդ, պատասխանատվություն պետք է կրի նաեւ Նոր Նորքի ոստիկանապետ` ընդհուպ մինչեւ հրաժարական: Իսկ անմիջական մասնակիցները պետք է ձերբակալվեն, քանի որ, լինելով ազատության մեջ, նրանք կարող են խոչընդոտել գործի ընթացքին: Ոստիկանության այս ծառայողների բոլոր գործողությունները «հանցավոր ենթամշակույթի» նշաններ ունեն, եւ դա` այս երեւույթի դեմ հայտարարված պայքարի ֆոնին: Քաղաքական իշխանությունները պետք է կամք դրեւորեն եւ ավելի ակտիվ պայքարեն նման երեւույթների դեմ»,- շեշտեց նա` պատրաստակամություն հայտնելով անհրաժեշտության դեպքում դիմել ՄԻԵԴ:

Իսկ փաստաբան Աստղիկ Պապիկյանը նշեց, որ ամեն ինչ արդեն դուրս է եկել վերահսկողությունից, որ բռնության են ենթարկվում նաեւ նրանք, ով որեւէ գործի հետ որեւէ կապ չունի: «Այս ամենը կապված է անպատժելիության մթնոլորտի հետ: Փաստերը ցույց են տալիս, որ ոստիկանության բաժանմունքի պետը զբաղվում է իր ենթակաների հովանավորությամբ: Դա է վկայում նաեւ այն ​​փաստը, որ մինչեւ մենք այս հարցը չբարձրացրեցինք, ներքին հետաքննություն չէր իրականացվում: Քրեական գործ դեռ չի հարուցվել, եւ մենք չգիտենք, թե ինչ փաստաթուղթ է ստորագրել Արմեն Ղազարյանը: Միջադեպն ինչ-որ կերպ կապված էր Ղազարյանի ծանոթի կնոջ եւ ոստիկանության սպաներից մեկի կնոջ կենցաղային վեճի հետ»,- եզրափակեց նա: