Չնայած Գերմանիայում բավարար ապացույցներ են հավաքվել, որոնք հաստատում են ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնու թունավորումը, առկա հանգամանքներում գերմանական իրավապահ մարմինները չեն կարող քրեական գործ հարուցել այս փաստի կապակցությամբ: Ինչպես հայտնում է DW-ն, վկայակոչելով Süddeutsche Zeitung թերթը, հանցագործությունը չի կատարվել Գերմանիայի տարածքում, ինչը հիմնովին տարբերակում է այն Մեծ Բրիտանիայում թունավորված կրկնակի գործակալ Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր մահափորձից:
Ըստ թերթի, ԳԴՀ արդարադատության նախարարությունը կարծում է, որ հետաքննությունը հնարավոր կդառնար, եթե Նավալնին մահանար գերմանական կլինիկայում կամ նրա վիճակը կտրուկ վատանար: Այս պարագայում հանցագործության վերջին արարքը տեղի կունենար Գերմանիայում, ինչը հիմք կտար գործ հարուցելու համար:
Նավալնու դեպքում,ինչպես գրում է թերթը, անհնար է նաեւ կիրառել ԳԴՀ Միջազգային քրեական օրենսգիրքը, որը Գերմանիայում ուժի մեջ է մտել 2002թ.՝ միջազգային քրեական իրավունքն իրականացնելու համար, քանի որ տեղի ունեցածը ռազմական հանցագործություն չէ: (Այստեղ անհրաժեշտ է պարզաբանել, որ ԳԳՀ Միջազգային քրեական օրենսգիրքը թույլ է տալիս արտատարածքային հետաքննություն իրականացնել չորս տեսակի հանցագործությունների համար՝ ցեղասպանության, մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, ագրեսիայի եւ ռազմական հանցագործությունների - DW):
Այնուամենայնիվ, Քյոլնից փաստաբան Նիկոլաոս Գացեասը, ով մասնագիտանում է միջազգային քրեական իրավունքի ոլորտում, կարծում է, որ գերմանացի իրավապահները կարող են գործ հարուցել: «Թույնի վնասակար ազդեցությունը նկատվել է նաեւ Գերմանիայում: Այսպիսով Գերմանիան նույնպես կարող էր համարվել հանցագործության վայր»,- ասել է նա Süddeutsche Zeitung-ին:





























