ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատարանը, վերադառնալով հերթական կարճ դադարից հետո, սկսեց նոր ապացույցներ պահանջելու միջնորդագրի քննությունը: Միջնորդագիրը ներկայացնում է փաստաբան Հայկ Ալումյանը:
Փաստաբանը հիշեցրեց, որ մեղադրող կողմը 984 անձից բաղկացած ցուցակ է ներկայացրել, ովքեր պետք է հրավիրվեն դատարան. նրանցից 872-ը` որպես վկա, 102-ը` որպես տուժած, 10-ը` որպես իրավահաջորդ:
Հայկ Ալումյանը հիշեցրեց, որ այս 102 անձինք մարտի 1-ի գործով տուժածի կարգավիճակ են ստացել: Եվս 126 մարդ կա, ցուցակը կից ներկայացվում է: «Հատկանշական է, որ այս 102 անձանց եւ այն 126-ի կարգավիճակը, որոնք չեն ընդգրկվել այս գործում, չի տարբերվում: Ընտրությունը կամայական է արվում: Նրանք հավասարապես մասնակցել են 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձություններին, ականատես են եղել նույն իրադարձություններին, նույն վնասվածքներն են ստացել եւ ճանաչվել են տուժած: Բայց քննիչն ու դատախազը ոմանց ցուցակում ներառել են, մյուսներին` ոչ»,- նշեց Ալումյանը: Այս կապակցությամբ նա միջնորդություն է ներկյացրել 126 անձանց (7 էջանոց ցուցակ) դատարան հրավիրելու եւ հարցաքննելու վերաբերյալ:
Ըստ նրա` կարգավիճակը պետք է հավասար լինի երկու խմբերի համար էլ: Ըստ ամենայնի, միակ տարբերությունն այն է, որ դատարանում այդ մարդկանց ցուցմունքները մեղադրանքից քարը քարի վրա չեն թողնի, առաջարկեց փաստաբանը: Դատավորը հետաքրքրվեց, թե պաշտպանական կողմը ի՞նչ հանգամանքներ է պատրաստվում պարզել լրացուցիչ տուժածների միջոցով: Փաստաբանը հիշեցրեց, որ դատավորը նման հետաքրքրասիրություն չցուցաբերեց, երբ մեղադրող կողմը ավելի քան 900 հոգուց բաղկացած ցուցակ ներկայացրեց: «Նրանցից յուրաքանչյուրը կարող է որոշակի տեղեկատվություն տրամադրել այդ օրվա մասին: Նրանք տուժած են այնքանով, որքանով մարմնական վնասվածքներ են ստացել դեպքերի ժամանակ, այլ ոչ թե տանը: Ապրիորի սա նշանակում է, որ յուրաքանչյուր ոք որոշակի տեղեկատվություն ունի: Ուստի խնդրում եմ ձեզ հավասար վերաբերմունք ցուցաբերել»,- ասաց փաստաբանը:
Փաստաբան Հովհաննես Խուդոյանը հավելեց, որ ոչ ոք չի կարող պատասխանել, թե ինչու՞մ է խտրականությունը, ինչու՞ են այս 102-ը տուժած, իսկ 126-ը` ոչ: Չէի ցանկանա, որպեսզի մի քանի տարի հետո ինչ-որ մեկը բողոքարկի դատարանի որոշումը այս հիմքով, ասաց փաստաբանը: Փաստաբան Արամ Վարդեւանյանը հիշեցրեց դատավոր Աննա Դանիբեկյանի կողմից բերված պատճառաբանությունները, ով տուժողների կարգավիճակի քննարկման ժամանակ նշել էր, որ նրանց կարգավիճակ է շնորհվել հիմնական գործով: Փաստաբան Արամ Օրբելյանը նշեց, որ եթե գործի շրջանակներում տուժածներ կային, ապա նրանց ստացման հանգամանքները կարեւոր են 2 տեսանկյունից` արդյո՞ք ամբաստանյալները կապ ունեն այԴ հանգամանքների հետ եւ արդյո՞ք ցույցը խաղաղ էր, որի ընթացքում վիրավորվել է ավելի քան 200 մարդ, մոտ 100 մարդ այրվածք է ստացել մոլոտովի կոկտեյլներից: Մնացած փաստաբանները միացան միջնորդությանը:





























