Կառավարությունը որդեգրել է մի ռազմավարություն, ըստ որի` մի քանի տարի հետո պետբյուջեի դեֆիցիտի հիմնական մասը ֆինանսավորվելու է ներքին աղբյուրների միջոցով: Հավանաբար, Արժույթի միջազգային հինադրամն եւ համաշխարհային բանկն իրենց պահանջներով, եզրակացություններով ու գնահատականներով արդեն ձանձրացրել են հայրենի կառավարությանը, ու մերոնք որոշել են նվազագույնի հասցնել այդ կառույցների ազդեցությունը:

Դա, ընդհանուր առմամբ, ողջունելի տարբերակ է: Մենք ունենք 3.3 մլրդ դոլար արտաքին պարտք, որի մոտ 35 տոկոսը բաժին է ընկնում ՀԲ կառույցներին (Զարգացման միջազգային ընկերակցություն), իսկ 22.5 տոկոսը` Արժույթի միջազգային հիմնադրամին: Այս կառույցներից ստացվող վարկերը ունեն եւ առավելություններ, եւ էական թերություններ:

Առավելություն է այն, որ դրանք երկարաժամկետ են, մեծածավալ ու ցածր տոկոսներով, կամ ընդհանրապես անտոկոս: Թերությունները թերեւս ավելի շատ են: Դրանք հիմնականում փոխկապված վարկեր են` վարկատուն ինքն է ընտրում այն ծրագրերը, որոնք ցանկանում է ֆինանսավորել, ու դրանք միշտ չէ, որ համահունչ են երկրի առջեւ ծառացած խնդիրներին: Բացի այդ, միջազգային կառույցներն իրավունք են ստանում միջամտել կառավարության ընթացիկ ու ռազմավարական գործունեությանը:

Սակայն ամենագլխավոր թերությունն այն է, որ միջազգային կառույցների վարկերը կրում են անորոշության ու անկանխատեսելիության մեծ ռիսկեր: Դրանք ստացվում են ոչ թե բանակցությունների, այլ ասենք ՀԲ ղեկավար մարմնի (դիրեկտորիատի) բարեհաճության արդյունքում, ու երբեք հնարավոր չէ կանխատեսել, թե համապատասխան որոշումը երբ կընդունվի: Հաճախ որոշումը ընդունվելուց հետո էլ գումարները կարող են ուշացվել ամենատարբեր պատճառաբանություններով:

Միջազգային կառույցների վարկերին կարող են փոխարինել այլ պետությունների կառավարություններից ստացվող ներդրումային կամ չփոխկապակցված վարկերը: Մենք 2 այդպիսի հաջողված օրինակ ունենք: Ռուսաստանից վերցրինք 500 մլն դոլար վարկ` դրա ծախսման ուղղությունների ու ձեւերի որոշման լիակատար իրավունքով: Հաջողված պետք է համարել նաեւ ճապոնիայի կառավարության վարկերը` էներգետիկ ոլորտի համար (247 մլն դոլար` Երեւանի ՋԷԿ-ին, 56 մլն դոլար` էլեկտրահաղորդման եւ բաշխիչ համակարգերին):

Չի կարելի միանշանակ պնդել, որ այս վարկային ծրագրերը զերծ են ռիսկերից, սակայն շատ ավելի նախընտրելի են: Ռուսական վարկի հիմնական ռիսկը կապված է Libor-ի տոկոսադրույքի հետ: Վեցամսյա Libor-ի տարեկան տոկոսադրույքն առայժմ 0.5 տոկոսի սահմաններում է, հետեւաբար Libor+3 բանաձեւը, որով տրամադրվել է ռուսական վարկը, մեզ ձեռնտու է: Սակայն թե ինչ մակարդակ կունենա Libor-ը 1-2 տարի հետո` ոչ ոք կանխատեսել չի կարող:

Եւ վերջապես` պետական պարտքի երրորդ աղբյուրը ներքին փոխառություններն են: Սա իհարկե մեզ զերծ է պահում միջազգային ռիսկերից: Բայց պետական պարտատոմսերն առայժմ շատ թանկ հաճույք են` միջինժամկետ պարտատոմսերի տոկոսադրույքը 14 տոկոսի սահմաններում է, ու ոչ մի երաշխիք չկա, որ այն մի քանի տարի հետո կիջնի բնականոն մակարդակի: Թանկարժեք պետական պարտատոմսերի ծավալային թողարկումները առաջացնում են ֆինանսական բուրգ եւ կարող են լուրջ խնդիրներ առաջացնել:

Հիշեցնենք, որ միայն 2011 թ. պետական բյուջեով նախատեսված է 78 մլրդ դրամ (մոտ 210 մլն դոլար)` պետական ներքին պարտքը մարելու համար, ինչը 3.2 անգամ գերազանցում է արտաքին պարտքի գծով նախատեսված վճարումները: Ուստի բոլոր այն պաշտոնյաները, որոնք ներքին պարտքը դիտարկում են որպես այլընտրանք միջազգային կառույցներից ստացվող վարկերին, պետք է հաշիվ տան նաեւ, թե ինչ գին ենք վճարելու դրա համար:

Սամվել Ավագյան