Հաշվի առնելով Մերձավոր Արեւելքում Թուրքիայի էլ ավելի ապակայունացնող ազդեցությունն այդ տարածաշրջանում՝ Արեւմուտքում առավելապես անհանգստություն կարող են առաջացնել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աճող իսլամիստական միտումները:
«2014 թվականին ԻՊ-ն դարձել էր իրական սպառնալիք Մերձավոր Արեւելքի համար: Մեկ տարվա ընթացքում այդ խմբավորմանը հաջողվել էր գրավել Իրաքի ավելի քան մեկ երրորդը եւ Սիրիայի կեսը 200 000 ահաբեկիչների միջոցով: ԻՊ-ն արագորեն հաջողության էր հասել նավթի արդյունահանման եւ վաճառքի գործում: Ինչպես նաեւ հաջողվել էր ապահովել զենքի, ռազմամթերքի, տրանսպորտային միջոցների եւ կապի ժամանակակից միջոցների մշտական մատակարարումը:
ԻՊ-ի ունակությունն այդքան արագ դառնալ գործառնող պետություն մեծապես պայմանավորված է Էրդողանի հետ նրա հարաբերություններով:
Տարիներ շարունակ ԻՊ-ն ուներ ամուր կապեր Թուրքիայի հետ նավթային արդյունաբերության կամ հետախուզվող Մուսուլման եղբայրներին պաշտպանելու պատրաստակամության շնորհիվ: Այդ «բարիդրացիական» հարաբերություններն անհրաժեշտ էին ԻՊ-ի հաջողության համար, եւ դրանք շարունակում են արտացոլվել Թուրքիայում որոշումների կայացման գործընթացում:
Էրդողանը կառավարում է Թուրքիան 2002 թվականից: Նա «Մուսուլման եղբայրների» շարժման ակտիվ կողմնակիցն է, որոնք կապված են բազմաթիվ ֆունդամենտալ իսլամիստական կազմակերպությունների հետ եւ կիրառում են իսլամական շարիաթի օրենքները:
Էրդողանը ոչ միայն երբեք չի նախաձեռնել որեւէ հակաահաբեկչական գործողություն ԻՊ-ին ճնշելու համար, այլ նաեւ օգնություն է ցուցաբերել: ԻՊ-ի բարգավաճման գործում Թուրքիայի ներդրումն առավելապես ակնհայտ է հետեւյալ ոլորտներում.
Փողեր
2014 թվականին հաղորդվում էր, որ ԻՊ-ն գրավել է Իրաքում եւ Սիրիայում նավթի հանքերը, եւ արդյունահանել է մեծաքանակ հում նավթ վաճառքի համար՝ ամրապնդելով իր վերահսկողությունը տարածաշրջանում նավթի մատակարարման գործում: Համարվում է, որ նրանք տեղափոխել են նավթը Թուրքիա լցանավերով, այնուհետեւ Թուրքիան վաճառել է իբրեւ Իրաքից կամ Սիրիայից նավթն ուրիշ երկրներին եւ եկամուտը կիսել ԻՊ-ի հետ: Նավթի այդ արտահանումը կասեցվել էր 2015 թվականին Ռուսաստանի կողմից լցանավերը ռմբակոծելուց հետո, սակայն ԻՊ-ն արդեն միլիոններ էր ստացել Թուրքիայի միջոցով նավթն արտահանելու դիմաց: Կարծես տեղին է հիշատակել, որ Էրդողանի ընտանիքն անձամբ է մասնակցել նավթային բիզնեսում ԻՊ-ի հետ:
Կամավորներ
Հազարավոր մահմեդական կամավորներ, որոնք նույնականացվել են ԻՊ-ի նպատակների եւ մեթոդների հետ, միացել են խմբավորմանը մահմեդական երկրներից, Եվրոպայից, Ամերիկայից, Աֆրիկայից, Ավստրալիայից եւ անգամ Իսրայելից: Ճնշող մեծամասնությունը ժամանել էր Թուրքիա օրինական ճանապարհով, որտեղից՝ ուղեւորվել Սիրիա եւ Իրաք: Թուրքիայի իշխանությունները, որոնց հայտնի էր, որ այդ մարդիկ տեղափոխվում էին Թուրքիայի միջով ԻՊ-ին միանալու համար, ոչինչ չէին անում դա կանխարգելելու եւ կասեցնելու համար:
2014 թվականի հունիսին Թուրքիայի ՆԳ նախարար Մուամար Գուլերը խոստովանել էր, որ Հաթայը ռազմավարական վայր է Սիրիայում մոջահեդների անցման համար, եւ որ իսլամիստական խմբավորումների նյութատեխնիկական աջակությունն այդ շրջանում ավելացվել է:
Տակտիկա
Թուրքիայի հետախուզական վարչությունը ապօրինի զենք է մատակարարել սիրիացի ջիհադիստներին: 2014 թվականի օգոստոսին ԻՊ-ի հրամանատարն ասել է Washington Post-ին, որ մարտիկների մեծամասնությունն իրենց միացել է պատերազմի սկզբում, ժամանել Թուրքիայով, ինչպես եւ իրենց սարքավորումներն ու նյութերը:
Թուրքիան նաեւ թույլ է տվել ԻՊ-ի ուժերին հարձակվել Թուրքիայի տարածքում իրենց հակառակորդների վրա: ԻՊ-ի ուժերը չէին կարող ազատ մուտք գործել Թուրքիա կամ լքել այն առանց Թուրքիայի կառավարության համաձայնության: Բարձրաստիճան եգիպտացի պաշտոնյան նշել է 2014 թվականի հոկտեմբերին, որ թուրքական հետախուզությունը փոխանցել է ԻՊ-ին արբանյակային լուսանկարներ եւ այլ տվյալներ:
Հետքայլ անելու եւ ԻՊ-ի գործողություններն ու մեթոդները դատապարտելու հարցում Թուրքիայի ցանկության բացակայությունը մասամբ հանգեցրել է եզրակացության, որ Թուրքիան դադարել է օգնել ԻՊ-ին ոչ այն պատճառով, որ մերժել է դրա գաղափարախոսությունը, այլ ճնշման պատճառով, որը նրա վրա գործադրում է Ռուսաստանը, ԱՄՆ-ն ու Եվրոպան:
Մինչ օրս Թուրքիան գտնվում է Մուսուլման եղբայրների դոկտրինի ազդեցության ներքո, որը սատարում է ԻՊ-ի հետագա գոյությունն ու վկայում Անկարայի մոտ այդ խմբավորման կողմից կատարվող բռնության ակտերի առիթով մտահոգվածության բացակայության մասին:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ Էրդողանին էլ ավելի դժվար է թաքնվել ՆԱՏՕ-ում իր անդամության շողքի հետեւում, քանի որ այն բացահայտում է ներքին քաղաքականությունը, որը քիչ կողմնորոշում ունի դեպի Արեւմուտքն ու ավելի թշնամական է ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի նկատմամբ, եւ հեռու է քաղաքական բարեփոխումներից, որոնք ժամանակին խոստացել են ժողովրդավարական անցում Թուրքիայում: Դա կունենա հետեւանքներ երկրի կրոնական եւ միջազգային հարաբերությունների վրա, քանի որ այն դառնում է ավելի պակաս հուսալի դաշնակից անվտանգության ոլորտում, հատկապես եթե որոշի էլ ավելի ակտիվորեն աշխատել նրանց հետ, ովքեր պայքարում են Արեւմուտքի դեմ»:





























