Գրառումը պարզապես շնորհակալություն է այն հերոս տղաներին, ովքեր, շաբաթներ շարունակ լինելով առաջնագծում, այս օրերին շարունակում են ցուցաբերել քաղաքացիական բարձր գիտակցություն՝ կոչ անելով թիկունքում չտրվել սադրանքների, ոչ մի դեպքում չփորձել ապակայունացնել ներքաղաքական վիճակը և համախմբվել՝ հանուն Հայաստանի ու Արցախի։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

«Սիրելի՛ քաղաքացիներ,

Վարչապետի վերջին գրառման հետ կապված բազմաթիվ իրարամերժ մեկնաբանություններ են հայտնվել։ Շատերն այն դիտարկում են իբրև քաղաքացիական պատերազմ հրահրելու փորձ։ Վստահեցնում եմ, որ սա տարընթերցում է։

Գրառումը պարզապես շնորհակալություն է այն հերոս տղաներին, ովքեր, շաբաթներ շարունակ լինելով առաջնագծում, այս օրերին շարունակում են ցուցաբերել քաղաքացիական բարձր գիտակցություն՝ կոչ անելով թիկունքում չտրվել սադրանքների, ոչ մի դեպքում չփորձել ապակայունացնել ներքաղաքական վիճակը և համախմբվել՝ հանուն Հայաստանի ու Արցախի։

Միաժամանակ, այս օրերին Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները լծված են կանխելու ցանկացած ներքին բախում և բացառելու զինված խմբավորումների գոյությունը։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Հայաստանի ու Արցախի առջև առկա բազմաթիվ խնդիրները հնարավոր է լուծել միայն ներքաղաքական կայունության միջավայրում և մեր ողջ ներուժի կոնսոլիդացիայի դեպքում։ Ուստի, ևս մեկ անգամ կոչ եմ անում զերծ մնալ ատելության, բռնության քարոզից և պառակտիչ գործունեություն իրականացնելուց։

Ողջախոհություն բոլորիս»։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի գրառումը դժգոհության մեծ ալիք է բարձրացրել: Նրա գրառումից մի քանի րոպե անց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը հայտարարեց մանդատից հրաժարվելու մասին, պատգամավոր Թագուհի Թովմասյանն էլ հայտարարեց, որ դուրս է գալիս խմբակցությունից, նրանց հետեւեց նաեւ Լուսինե Բադալյանը:

Ավելի վաղ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավարը  Վարագ Սիսեռյանը հայտնեց, որ աշխատանքից ազատման դիմում է գրել:

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը գրառում արեց, նշելով, որ վարչապետի գրառումը՝ կապված առաջնագծի զինվորներին ուղղված կոչի հետ, խիստ վտանգավոր է հատկապես այս պատասխանատու, գերզգայույն օրերին: «Բոլորին կոչ եմ անում դրսևորել զսպվածություն, իսկ իրավապահ մարմինները պարտավոր են գործել օրենքին խիստ համապատասխան՝ բացառապես իրավունքի գերակայության սահմաններում: Անհրաժեշտ է կանխել որևէ տեսակի բախման կամ ինքնադատաստանի փորձ»,- գրել է Թաթոյանը: