Երեկ՝ հոկտեմբերի 8-ին Չարենցավան քաղաքի մոտ տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով վնասվածքներ է ստացել նաեւ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Խաչիկ Մանուկյանը, որի կյանքին, սակայն, ոչինչ չի սպառնում:
Փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ 19.30-ի սահմաններում Սեւան-Երեւան ավտոճանապարհի 32-րդ կիլոմետրում` Չարենցավան քաղաքի մերձակայքում, դեռեւս չպարզված հանգամանքներում «Մերսեդես-500» մակնիշի 079 ՕՕ 11 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ բախվել ծառին: Ավտովթարի հետեւանքով տեղում զոհվել է ԱԺ հանրապետական պատգամավոր Մելիք Գասպարյանը:
Ի դեպ, մեքենայում է եղել ԱԺ մեկ այլ պատգամավոր՝ «Լուսակերտի թռչնաբուժական ֆաբրիկայի» սեփականատեր Խաչիկ Մանուկյանը, սակայն վերջինս միայն մարմնական վնասվածքներ է ստացել: Վնասվածքներ է ստացել նաեւ Մելիք Գասպարյանի վարորդը՝ Վարդան Պետրոսյանը: Վարորդին եւ Խաչիկ Մանուկյանին տեղափոխել են Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածների վիճակը գնահատում են բավարար:



























