Ոստիկանությունը շաբաթ օրը Պրահայում ձերբակալել է Գերագույն դատարանի դատավորին եւ չորս այլ անձանց, լրագրողներին հայտնել է հանրապետության գլխավոր դատախազ Լենկա Բրադաչովան` առանց նշելու ձերբակալվածների անունները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ձերբակալվածներից մեկը Պրահայի Գերագույն դատարանի դատավոր է, մյուսը՝ փաստաբան: Նրանք բոլորը մեղադրվում են կաշառք վերցնելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ ապօրինի գործունեությունից ստացված եկամուտներն օրինականացնելու մեջ»,- ասել է գլխավոր դատախազը: Նրա խոսքով՝ եթե մեղադրանքներն ապացուցվեն, բոլոր ձերբակալվածներին սպառնում է մինչեւ 12 տարի ժամկետով ազատազրկում:

Իր հերթին, Չեխական ռադիոն, վկայակոչելով ոստիկանության աղբյուրները, հայտնում է, որ Գերագույն դատարանի կալանավորված դատավորը Զդենեկ Սովակն է: Ավելի վաղ՝ 2003-ին, Սովակը երկու անգամ ժամանակավորապես հեռացվել էր իր պարտականություններից, առաջին դեպքում՝ գրագողության, երկրորդ դեպքում՝ հարբած վիճակում մեքենա վարելու համար, ինչը հանգեցրել էր վթարի: