Աշխարհում մարդկանց մեծամասնությունն այսօր Հայաստանի եւ Արցախի հետ է, որոնք այս տարի տուժեցին ոչ միայն կորոնավիրուսի պանդեմիայի, այլ նաեւ պատերազմի պատճառով: Նման կարծիք է հայտնել եզդի ակտիվիստ Միրզա Դինային, ով դարձել է «Ավրորա» մրցանակի չորրորդ դափնեկիրը, ում անունով նամականիշ են թողարկել՝ նվիրված «Ավրորա» մարդասիրական նախաձեռնություն. «Ավրորա» մրցանակի դափնեկիրներ. Միրզա Դինայի» թեմային:

Նամականիշը մարվել եւ շրջանառության է դրվել այսօր՝ դեկտեմբերի 8-ին: Նամականիշի վրա   պատկերված է «Ավրորա» մրցանակի չորրորդ դափնեկիր, «Օդային կամուրջ Իրաքում» մարդասիրական կազմակերպության հիմնադիր եւ տնօրեն, եզդի ակտվիստ Միրզա Դինային, ով Իրաքում պատերազմի ժամանակ փրկել է հարյուրավոր կանանց եւ երեխաների եւ ռիսկի դիմելով իր կյանքը՝ օգնել տարհանել մարդկանց «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զավթած տարածքներից: Նամականիշն արժե 350 դրամ:

Այն թողարկվել է 12 000 օրինակով, դիզայնը մշակել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության թիմից Ալլա Մինգալյովան: Նամականիշի հետ մեկտեղ «Հայփոստ» ՓԲԸ-ն թողարկել է 150 դրամ արժողությամբ նվիրատվության կտրոն, որի վաճառքից գոյացած հասույթը կուղղվի «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության միջոցով իրականացվող նախագծերին:

Ելույթ ունենալով նամականիշի մարմանը նվիրված միջոցառման ժամանակ՝ Միրզա Դինային նշել է, որ «աշխարհը, որտեղ մենք ապրում ենք, միայն քաղաքական չէ, սովորական մարդկանց մտահոգում են մարդկային արժեքները, եւ այդ պատճառով մեծամասնությունն այսօր Հայաստանի եւ Արցախի հետ է»:

Իր հերթին, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գործադիր տնօրեն Նիկոլա Ստանիշը նշել է, որ ժամանակն է «Gratitude in action» նախաձեռնությունը սկսել Արցախում: «Ավրորան» արդեն գրեթե 20 մարդասիրական ծրագրեր է սկսել Արցախում: Վաղը Արցախ կմեկնի Միրզա Դինային, որպեսզի ծանոթանա իրավիճակին, հանդիպի արցախցիների հետ եւ տեսնի, թե ինչպես են գործում «Ավրորա»-ի նախագծերը: