Իրավապահ համակարգը 2,5 տարի կատարել է Նիկոլ Փաշինյանի հրահանգները: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ընդդիմության կազմակերպած «անհնազանդության երթի» ժամանակ նշեց ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը
«Նիկոլ Փաշինյանը ասֆալտին է փռվել թուրքի կողմից եւ նա շարունակում է ակնկալել, որ իրավապահները պետք է կատարեն իր հրահանգները, եւ պայքարել ՀՀ արժանապատիվ քաղաքացիների դեմ: Խնդիրն այն է, որ մամուլում առկա են բազմաթիվ տեղեկություններ, որոնք վկայում են կատարված հանցագործությունների կատարման մասին: Պետք է ցույց տա այս մարմինը, որ ինքը ոչ թե պատվեր կատարող է, ընդ որում դավաճանի, այլ պետք է ցույց տա, որ ծառայում է ՀՀ քաղաքացու շահերին, որովհետեւ վճարվում է նաեւ մեր հարկերից: Ես կոչ եմ անում, որ իրավապահ մարմինների աշխատակիցները ցույց տան, որ իրենք էլ հայրենիք ունեն, էդ հայրենիքը միայն մերը չի: Եվ ուրեմն՝ Նիկոլ հեռացիր»,-ասաց նա:
Իր հերթին ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ասաց. «ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյան, հեռացիր: Ժամանակն է, որ արդեն դադարես լինել Նիկոլ Փաշինյանի ձեռքի գործիքը եւ անհարմար վիճակի մեջ դնես նաեւ քո աշխատողներին: Կոչ ենք անում այս պահից շարժվել օրենքով եւ չկատարել այդ խեղկատակի հրահանգները: Հակառակ դեպքում քեզ այցելության կգանք արդեն այլ մեթոդներով»:





























