Այսօր Թուրքիան հայ ժողովրդի կոտորածի ծրագիր է իրականացնում, եւ դա նրան մեծամասամբ հաջողվում է։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցում հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը։

Նրա խոսքերով, Անկարայի կոչերը՝ չլսել Սփյուռքի կարծիքը, տարօրինակ կերպով արձագանք են գտնում Հայաստանում։ «Քաղաքական „հեղինակավոր“ շատ գործիչներ Սփյուռքի այն ներկայացուցիչներին, ովքեր համարձակվել են հանդես գալ հայ-թուքական արձանագրությունների դեմ, „դավաճան են“ անվանում»։ Բայց հայհոյանքը թույլերի վերջին զենքն է, նրանց, ովքեր չեն կարող փաստերը ներկայացնել քաղաքակիրթ լեզվով։

Ներկայիս կառավարող ռեժիմի այն ներկայացուցիչները, ովքեր դիմում են նման որակումների, հիշեցնում են ժամանակին «ով ինձ հետ չէ, դավաճան է եւ մոլախոտ» արտահայտությունն արած նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին,- հայտարարել է Հովհաննիսյանը՝ այս ամենը բացատրելով Հայաստանում քաղաքական կուլտուրայի բացակայությամբ։ Նա դրանով է բացատրել նաեւ իշխող ՀՀԿ նախագահի տեղակալ Ռազմիկ Զոհրաբյանի հայտարարությունն այն մասին, որ ՀԱԿ-ն ավելի ծանրակշիռ ուժ է, քան ՀՅԴ-ն։ «Զոհրաբյանի համար „ծանրակշռությունը“ քաղաքական այս կամ այն ուժի՝ հայհոյանքի լեզվով հանդես գալու ունակությունն է, նա, պարզապես, սովոր է այդ լեզվին։ Նրան վատ բառ կասեն, նա կպատասխանի նույ կերպ, եթե ՀԱԿ-ը հաղորդակցվում է այդ լեզվով, ապա ուժեղ կառույց է, իսկ եթե ՀՅԴ-ն քաղաքական երկխոսության մեջ հայհոյանքներ չի օգտագործում, դա խոսում է նրա թուլության մասին։ Ահա այսպիսի մտածելակերպ ունեն մեր քաղաքական գործիչները»,- զայրացել է Հովհաննիսյանը։